Արգելքները երեխայի մոտ միշտ հակառակ էֆեկտն են տալիս. հոգեբան (տեսանյութ)
«Ծեծելը դաստիարակության միջոց չէ: Այդպես ոչ թե երեխային կարգ ու կանոն են սովորեցնում, այլ դարձնում են ագրեսիվ»,- կարծում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ըստ նրա՝ ծեծով մեծացած երեխաներն էլ ապագայում այդպես են վարվում իրենց շրջապատի հետ. «Բռնությունը ծնողի ինքնաբավարարումն է, այլ ոչ թե երեխայի համար արված քայլ, կամայական ծեծով երեխային բերում ենք նեգատիվիզմի դաշտ, երեխային վախով չի կարելի պահել կամ ուղղորդել: Դաստիարակության իմաստը երեխայի հետ վարվելն է, նրան ընկալելը՝ որպես մարդ»: Հոգեբանի կարծիքով՝ երեխային չի կարելի նաեւ անընդհատ ասել «չի կարելի», «մի արա» եւ չպատճառաբանել, թե ինչու չի կարելի տվյալ բանը անել. «Երեխան չի հասկանում՝ բա ի՞նչ անի, մենք չենք տալիս տարբերակը, թե ինչ պետք է նա անի եւ այդ արգելքը նրան բերում է ինչ- որ թյուրիմացական վիճակի»,- նշում է հոգեբանը եւ հավելում, որ արգելքները միշտ հակառակ էֆեկտն են տալիս: Միհրդատ Մադաթյանը համամիտ չէ նաեւ կարծիքի հետ, թե ժամանակակից երեխաներն անկառավարելի են ու ագրեսիվ. «Ամեն ինչ կախված է մոտեցումից, պետք է այդ ակտիվությունը ճիշտ կառավարել ու ուղղորդել; Եթե դաստիարակը կամ ծնողը չի կարողանում դա անել, դա իր պրոբլեմն է, ոչ թե երեխայի: Երեխաները լավն են, ավելի ազատ մտածող, անձնապես կայացած են ու արտահայտվող են, քան մեր սերնդի երեխաները»: