Զինվորները պարբերաբար հարցնում են՝ ե՞րբ ենք հարձակվելու. նախարար (տեսանյութ)
Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Երբ գնում ենք առաջնային գիծ, շփվում ենք զինծառայողների հետ և հարցնում եմ՝ ինչպիսին է տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան՝ պարոն նախարար, տրամադրությունները մարտական են, և պարբերաբար հարց են տալիս՝ երբ ենք հարձակվելու։ Իհարկե, դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն և ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու տրամադրություններ: Նման տրամադրություններ ես տեսնում եմ նաև իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ»: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, այդ առումով վիճակն ինչպիսի՞ն է Արցախում, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Չկա մի պաշտոնյա Արցախի Հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու: «Բալանսը խախտված է եղել 1992 թվականին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին: Այ բալանսը խախտվել էր այդ ժամանակ: Բալանսը կաշխատենք պահպանել հավերժ՝ մինչև վերջ»,- նշել է Մնացականյանը: Նախարարի խոսքով, փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի: Ավելին՝ տեսանյութով