Միայնակ Գայլը Ղարաբաղում անվիճելի հեղինակություն է (տեսանյութ)
Ղարաբաղ այցելող ցանկացած զբոսաշրջիկի կառաջարկեն լինել Հոնուտի կիրճում: Այս գեղեցիկ, մամռապատ անձրեւանոցով իջնող ջրերն անդադար են: Ինչ-որ մեկը, սակայն, հասցրել է իր սիրո վկայությամբ խարանել այս բնական հրաշքը։ Ղարաբաղցին իր զբոսաշրջիկներին առաջարկում է նաեւ նորաբաց թանգարաններ եւ պատկերասրահներ: Շուշիի ազգային պատկերասրահում արվեստի ծարավ ունեցողին գուցե հագեցնի մոնղոլական կտավը՝ Գոբի անապատը: Ինչ-որ մեկը գուցե փորձի «Ծեր կնոջ դիմանկարում» ճանաչել ղարաբաղյան Մոնա Լիզային. Այն Բակո Սահակյանի նվերն է: Նվիրատվությունները պատկերասրահում տեղ գտած ստեղծագործությունների առյուծի բաժինն են, այդ իմաստով աչքի է ընկել նաեւ Սերժ Սարգսյանը՝ «Մոնթե Մելքոնյան» կտավով։ Երկրաբանական թանգարանում է մարդը հասկանում, որ քարերի աշխարհը կարող է լինել նույնքան կախարդական, որքան՝ գույների աշխարհը: Եվ այստեղ էլ պատմություն կա, հանձին պերիտ կոչվող քարի, որը հայտնի է որպես հիմարների ոսկի: Բայց այն ոսկի չէ։ Սակայն երկրաբանության թանգարանի հմայքը քարերի խումբն է, որոնք իրենց մեջ երկաթ չեն պարունակում: Նրանց գույները տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ։ Դա գիտական նշանակություն ունեցող երեւույթ է, գույներով երկրաբաններն իմանում են՝ ինչ է պարունակում քարը։ »: Թանգարանն այս սարքի շնորհիվ բազմաթիվ անվճար ծառայություններ է մատուցում զբոսաշրջիկներին: Ասենք, ստուգում է՝ կե՞ղծ է նրանց դոլարը, թե՝ ոչ։ Պատմության թանգարանում ամենաանտարբեր մարդն էլ կտեսնի, որ Միայնակ Գայլը Ղարաբաղում անվիճելի հեղինակություն է: Ոչ մի ՊՊԾ գունդ նրա նկարը չի հեռացնի այս թանգարանից: Ռազմական արվեստի երկրպագուները կտեսնեն այն մակետը, որի վրա բացատրվում է, թե ինչպես հայկական փոքրաթիվ ուժերն ազատագրեցին ադրբեջանցի ավելի շատ զինվոր եւ ռազմամթերք ունեցող Շուշին։ Մի քանի տարի առաջ բացահայտված Տիգրանակերտի ավերակները նույնպես պատմելու բան ունեն ոչ ղարաբաղցուն: Այս սափորը պանիր կամ կարագ չի պարտակել: Այն դագաղ է: Հանգուցյալը սրա մեջ դրվում էր այն դիրքով, որով ծնվել էր: Եվ հենց սափորով էլ հանձնվել է հողին: Թանգարանը նաեւ հյուրընկալ է Աղդամի ծիծեռնակների հանդեպ, որոնք թանգարանի տարբեր անկյուններում բույն են հյուսել։ Ղարաբաղ այցելող ցանկացած զբոսաշրջիկի կառաջարկեն լինել Ստեփանակերտի շուկայում: Այստեղ միանգամից 20 խոտաբույսով լցոնված ժինգյալով հացը պատրաստում են ցանկացողի աչքի առաջ: Իսկ հյուրին մնում է պատմել տեսածը: Եթե կարողանա: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակներում ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվել է հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն Արցախ