Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿՈՇ» ՔԿՀ-ում բուժօգնության խնդիրը սրվել է (տեսանյութ)

Հասարակություն
20067946_1569069339811457_77946885_n

Բուժօգնության խնդիրը 398  դատապարտյալ ունեցող «Կոշ» Քրեակատարողական հիմնարկում լուրջ է։ Գլխացավի, ատամնացավի ու մի քանի այլ հիվանդության համար այստեղ միջոց կգտնվի։ Բայց հարցն անլուծելի է, երբ խոսք է գնում ավելի բարդ վիճակների մասին։ Կալանավայրի բուժծառայության պետ Գալուստ Կարապետյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Լինում են դեպքեր, երբ մարդը խրոնիկ հիվանդ է, ինքը դրսից միշտ էդ դեղերն ստանում է, ու էդ դեղը մենք չունենք։ Կարող են հարազատները բերել»։ Դեղորայքի խնդիր ունի 2013-ի նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանի ու ընկերների   գործով  դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը նշում է. «Գլյուկոֆաժը, որի 10 հաբն արժի 7-8 հազար դրամ, օրն երկու հատ պետք է խմեմ, դուք պատկերացրեք՝ ինչ գումար է կազմում։ Ընդդիմադիր հայացքների համար այստեղ հայտնված Լիպարիտ Պետրոսյանը շաքարային դիաբետ ունի. «Բուժծառայությունը շատ հոգատար ա, քիչ ա մնում իրենց գրպանից դնեն, ամեն ինչ անում են, օգնում են։ Խնդիրն էստեղ չի, որ պիտի լուծվի։ Դեղորայքը հիմնականում իմ մասով շատ թանկարժեք ա։ Ոչ բուժմասի աշխատակիցները կարող են իրենց փողով առնել, պետությունն ինքը դա պետք է հատկացնի, որը չի հատկացնում»։ 11 տարի անազատության մեջ գտնվող Ռոման Գևորգյանը պատժի կրումն սկսել ու շարունակում է՝ հիվանդությունների բեռի տակ։«Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Կալանքի մեջ հիվանդացել եմ մի շարք հիվանդություններով՝ տուբերկուլյոզով, աղիքի հիվանդություն մի քանի անգամ, ու բարդ հիվանդություններ ա եղել, պոլիպներ ա եղել, որը հիմա ահավոր վատ եմ տանում, արյուն է գնում, ունեմ գլխուղեղի տրավմա, սա դիսկն է, որ նկարել են, ռենտգենի թուղթը»։ Ռոմանը վստահեցնում է՝ ինչ հայտնվել է անազատության մեջ, հիվանդանոցներում ավելի շատ է լինում, քան քրեակատարողական հիմնարկում։ Հիմա էլ հիմնարկի միջնորդությամբ պետպատվերով բուժումը շարունակելու հնարավորություն է ստացել, բայց չի կարողանում այդ իրավունքից  օգտվել։  «Գնացել ենք դրսի հիվանդանոց, ասում են պետպատվերը վերջացել ա, Արդարադատության նախարարությունը, որ տալիս է պետպատվեր, չգիտի՞, որ էդ պետպատվերները վերջացել է, ինչի՞ համար է դա տվել, որ ես գնացել եմ հիվանդանոց։ Կա պետպատվեր, նշանակել են, պետք է գործի»,- ասում է Ռոման Գևորգյանը։ Կոշ քրեակատարողական հիմնարկի բուժմասը հիմնականում բարեկարգ է։  Բայց հիվանդանալու դեպքում կալանավորները պառկում են նեղ ու փոքր սենյակում։ 4 հոգի մեկ՝ տեղում. «Նորմալ ընթացքի համար ավելի լավ, ավելի մեծ պայմաններ են պետք։ Բայց ներկայիս պայմանները վատ չեն»։ Կա Էլեկտրոսրտագրման ապարատ, վիրաբուժական թեթև միջամտություն անելու հնարավորություն էլ կա։ Բայց  բուժմասի տեխնիկական հագեցվածությունը թերի է։  «Ցանկալի կլիներ ունենալ ռենտգեն ապարատ, առաջնայինը դա է, որպեսզի թոքային խնդիրներ, կոտրվածքներ ունեցողները ճիշտ հետազոտվեն։ Ցանկալի կլիներ ռենտգեն ապարատ ունենալ, սոնոգրաֆիայի ապարատ և համապատասխան մասնագետներ»,- ասում է Գալուստ Կարապետյանը։ ԿՈՇ քրեակատարողական հիմնարկում արձանագրված առողջապահական խնդիրները հատուկ են Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներին ևս։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2015-ին հարցում է անցկացրել ազատազրկվածների շրջանում։ Ըստ դրա՝ կալանավորված անձանց և դատապարտյալների 1/3-ն է ամբողջովին ստանում իրեն անհրաժեշտ դեղորայքը: Մեծ մասը ստիպված է լինում դիմել հարազատների և ընկերների օգնությանը: 10-ից մեկն էլ ՔԿՀ-ում ստացած դեղի համար ստիպված է եղել վճարել։