Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Կյուրեղյանը խնդրել է իրեն այլևս չանհանգստացնել. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
img_9431.thumb_

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը չի ցանկացել մեկնաբանել  Քրեակատարողական վարչության տարածած այն  հաղորդագրությունը, թե   նրա մոտ հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման ածելու սայր:   Իրեն տեսակցած պաշտպանին նա  հետեւյալ պարզաբանումն է տվել. «Եթե ինքը Կալաշնիկով ավտոմատ տեղափոխելու հնարավորություն ունենար,  ինքը դա կաներ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:   Նա  պարզաբանում է  իր պաշտպանյալի պահվածքը, որի հիմքում երկու շաբաթ առաջ դատարանում նրա եւ ընկերների նկատմամբ կիրառված  դաժան ծեծն ու բռնությունն են։ «Նա գիտեր, որ այդ ոստիկանները երեկ իրեն պետք է բերեին դատարան: Այդ նույն ոստիկանները նրան տեղափոխել էին դատարան, ոստիկանների հետ շփում է եղել: Ինքը չէր կարող կանխատեսել, թե ինչ անօրինական, բռնի գործողությունների կարող են դիմել ոստիկանները»:    Պաշտպանի խոսքերով՝ ցանկացած անձ ինքնապաշտպանության իրավունք ունի:    Հունիսի 28-ին Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կիրառված  բռնության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Մի քանի օր առաջ  Արեգ Կյուրեղյանին  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է քննիչը: «Քննիչին հայտնել է, որ հրաժարվում է որեւէ քննչական գործողության մասնակցելու»: Որեւէ փաստաթղթի տակ  Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է  ստորագրել եւ խնդրել իրեն այլեւս չանհանգստացնել: Նա   տուժող ճանաչվել է, թե ոչ՝  պաշտպանին հայտնի չէ. «Որեւէ մեկը ինձ հետ  կապ չի հաստատել, չի հայտնել նրան տուժող ճանաչելու վերաբերյալ: Ինչպես մենք գիտենք փաստաբաններին տեղեկացրել էին, որ Մխիթար Ավետիսյանը եւ Արայիկ Խանդոյանը տուժող են ճանաչված: Արեգ Կյուրեղյանի դեպքում նման տեղեկություն չունենք»:     Իսկ Արեգ Կյուրեղյանը այժմ գտնվում է պատժախցում՝ արգելված իր ունենալու համար: