Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյան դաշինքը չմիացավ ԵԼՔ-ի առաջարկին (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahe-enfiajyan

ԱԺ արտահերթ նիստում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քվեարկությունից առաջ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք դեմ են. «Այս պարագայում ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր։ Արդյունքում, պատգամավորների ձայները չեն բավականացնի քվեարկության համար։ Առաջարկում ենք` չմասնակցել քվեարկությանը, որով «դեմ»-ը դե յուրե կհաստատվի։ ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորների թիվը բավարար չէ` կատարողականի հաստատման համար»: Նշենք, որ մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր Ծառուկյան խմբակցության պատգամավորների շարքին եւ բանակցում էր։ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում հարցը քննարկվել է. «Մենք կարծում ենք, որ նախորդ Կառավարությունն արդեն իսկ իրականացրել է իր գործառույթները, եւ հետեւաբար, մենք չմասնակցել չենք կարող քվեարկությանը, մենք դեմ ենք»:  Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկեց` այդպիսով նպաստելով 2016թ. պետական բյուջեի կատարողականի ընդունմանը։ Նախագիծը անցավ 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր հաշվարկը ճիշտ էր` եթե ընդդիմությունը չքվեարկեր, նախագիծը չէր անցնի»։