Ֆաբրիկայի աշխատակիցները 7-8 ամիս չեն վճարվել (տեսանյութ)
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի 140 աշխատակիցներ արդեն չորրորդ տարին է` պահանջում են վճարել աշխատավարձերը։ Գործարանը 7-8 ամսվա չվճարված աշխատավարձի պարտք ունի, յուրաքանչյուրի պարտքը մոտ 1 մլն դրամ է կազմում: Ֆաբրիկան գտնվում է Հայաստանի ՆԳՆ իրավասության տակ, 1995թ-ից այնտեղ ոստիկանության աշխատողների համազգեստ է կարվել: Աշխատակիցները դիմել են տարբեր ատյաններ, որպեսզի արդարություն հաստատվի, բայց ոչ մի պատասխան չեն ստացել։ Ընկերության աշխատակից Հայկանուշ Գալստյանը նշում է, որ նույնիսկ դիմել են Սերժ Սարգսյանին, բայց հենց լսում են, որ մեր գործը ոստիկանությունից է կախված, հետ են քաշվում: Ֆաբրիկայի աշխատակից Գոհար Թամամյանի խոսքով՝ վերջին անգամ նամակ են գրել վարչապետին, բայց նամակը չգիտես ինչու հայտնվել է արդարադատության նախարարությունում: Նախարարությունից պատասխանել են, որ ֆաբրիկայի գույքը կվաճառեն եւ գումարները կվերադարձնեն, բայց ըստ տիկին Գոհարի՝ այնտեղ վաճառվող ապրանք չկա, գործարանն ամբողջությամբ թալանված է: Աշխատակիցների պնդմամբ՝ ֆաբրիկայի տնօրեն Սամվել Բեկչյանն է քանդել գործարանը, իսկ հիմա բացակայում է երկրից՝ հետախուզման մեջ է: Ֆաբրիկայի աշխատակիցները դատարան դիմել չեն կարող, ծախսերը շատ են, բացի դրանից համակարգի հետ հույսեր չեն կապում: Հիմա վարչապետի հետ հանդիպում են պահանջում՝ խնդիրը եւս մեկ անգամ ներկայացնելու համար: