Վիրուսները նաեւ հայաստանյան կիբերտարածք են ներթափանցել (տեսանյութ)
Արդյո՞ք Հայաստանի պետական հաստատությունների, բանկերի, Ատոմակայանի, օդանավակայանի համակարգերն ու տվյալները պաշտպանված են կիբերհանցագործություններից։ «Ա1+»-ի հարցին պատասխանում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը․ «Խնդիրը նրանում է, որ Հայաստանում չկա ազգային կիբերանվտանգության կենտրոն, որը կկարողանար ընդհանուր պատկեր ունենալ Հայաստանի մասին։ Այնպես որ, մենք գաղափար էլ չունենք, թե որքանով է խոցելի մեր երկիրը։ Կարծում եմ, լուրջ խոցելի է։ Օրինակ բերեմ՝ Ֆեյսբուքից օգտվողների համակարգիչներից մոտավորապես ամեն հինգերորդի վրա տեղադրված է հին, չթարմացվող, շատ վտանգավոր Windows XP։ Ընդ որում, դրանք տեղադրված են ոչ միայն տներում, այլ նաեւ կազմակերպություններում։ Ուրեմն, արդեն պարզ է, որ վիճակը այնքան էլ լավ չէ»։ Հիշեցնենք, անցնող օրվա ընթացքում աշխարհում զանգվածային կիբերհարձակումներ են տեղի ունեցել։ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ վիրուսները նաև հայաստանյան կիբերտարածք են ներթափանցել։ Ուկրաինային, Ռուսաստանին ու Եվրոպական երկրներին սպառնացող վիրուսները ակտիվացել են նաև հայկական տարածքում։ Այդ մասին հուշում է այն փաստը, որ նույն աղբյուրից տարածվող վիրուսներ Հայաստանում Կասպերսկի հակավիրուսն է արձանագրել։ Հայաստանը կիբերհանցագործությունների համար լուրջ խոցելի տարածք է; Տեղեկատվական անվտանգության մասնագետը համակարգիչ ու այլ սարքեր օգտագործողներին զգուշության կոչ է անում։ Պետք է թարմացնել հակավիրուսային ծրագրերը, ինչպես նաև չբացել անծանոթ հասցեներից եկած նամակները․ «Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը»,- կատակով եզրափակում է Սամվել Մարտիրոսյանը։ Կարդալ ավելին