Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» լուրջ կորուստ է կրել չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ

Սպորտ
unnamed-14-2

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լուրջ խնդրի առաջ է հայտնվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղից առաջ: «Մեր երկու հարձակվողները՝ Միրհան Մանասյանը եւ Գեւորգ Նռանյանը որակազրկված են: Սակայն մենք մեծ կորուստ ունենք կենտրոնական գոտում, քանի որ այժմ մեր հետ չի առաջատար կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Նա մեկնել է Ռուսաստան, փորձաշրջանի: Չնայած այդ հանգամանքներին, մենք մարտական ենք տրամադրված եւ կաշխատենք ուրախացնել մեր երկրպագուներին», - այսօր կազմակերպված նախախաղային մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: Գլխավոր մարզիչը թիմի առջեւ ընդամենը մեկ նպատակ է դրել՝ անպայման հաղթել մրցակցին եւ անցնել հաջորդ փուլ: «Անցած տարվա համեմատ «Սանտա Կոլոման» շատ է փոփոխվել: Թիմը համալրվել է 5-6 նոր խաղացողներով, որոնք Անդորայի հավաքականի անդամներ են: Գիտենք նաեւ, որ անդորացիները ձեռք են բերել երեք նոր լեգեոնականների՝ երկու իսպանացի, մեկ՝ ֆրանսիացի: Հետեւաբար՝ մեզ դժվար խաղեր են սպասվում: Կաշխատենք լավ ֆուտբոլ ցուցադրել ու ուրախացնել մեր ժողավրդին», - նշեց Աբրահամ Խաշմանյանը: «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը կարծում է, որ իր թիմը պատրաստ է «Ալաշկերտի» հետ խաղին: «Անցած տարի մենք խնդիրներ ունեցանք երեւանյան խաղում, բայց այս տարի ավելի լավ պատրաստված ենք ժամանել: Խնդիրն այն է, որ վնասվածքների պատճառով մեր երկու խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է: Սակայն, եթե նրանք չկարողանան խաղալ, փոխարինողները պատրաստ են մտնելու խաղադաշտ», - ասաց 42-ամյա անդորացի մասնագետը: