Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Հասարակություն

Երեւանի կենտրոնով երթեւեկելն այսօր ամենաբարդ խնդիրներից մեկն է. քաղաքամերձ ավաններից Երեւան ավելի արագ կարելի է հասնել, քան փոքր կենտրոնում երկու փողոց երթեւեկելիս:

«Բուն քաղաքաշինական առումով քաղաքի կենտրոնի տրանսպորտային ցանցը համեմատած իր գրաված տարածքի հետ շատ քիչ է, նոր փողոցներ են պետք Երեւանի կենտրոնում բացել»,- «Ա1+ -ին» տված հարցազրույցում ասաց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը: Նա մշակում է նոր տրանսպորտային ցանցի ծրագիր: Առայժմ այն չի ներկայացրել կառավարությանը, բայց պատրաստվում է դա անել:

«Ես սկսել եմ մշակել այն քաղաքապետարանում աշխատելու ժամանակ, առաջիկա օրերին կավարտեմ եւ մինչեւ սեպտեմբեր կներկայացնեմ կառավարությանը՝ զուգահեռ այն ծրագրին, ինչ կներկայացնի քաղաքապետարանը»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Նրա հեղինակած տրանսպորտային ցանցի ծրագիրը միայն կենտրոնին է վերաբերում, բայց ըստ ճարտարապետի, հայեցակարգը կարելի է կիրառել նաեւ մյուս համայնքներում:

Ինչ վերաբերում է Երեւանի Գլխավոր հատակագծի իրականացմանը, ապա առայժմ, ըստ Նարեկ Սարգսյանի, քիչ են դրանից շեղումները. սակայն եղածը` բավականին կոպիտ է: «Շատ ցավում եմ, որ Գլխավոր հատակագծում վերացվեց Գլխավոր պողոտայի այն հատվածը, որը բոլոր 5 նախորդ գլխավոր հատակագծերում նախատեսված էր զբոսայգու համար. դա Կենտրոնական փոստատան շենքից՝ Սարյանից, մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձան ընկած հատվածն է:

Իհարկե 40-50-ական թվականներին առաջին կոպիտ խախտումը եղավ Ազգային պատկերասրահի կառուցմամբ, հիմա արվեց երկրորդ կապիտ խախտումը՝ պատկերասրահի հարեւանությամբ, չհասած Մաշտոցի պողոտա, մի հատվածը, որը մասնակի էր իրացված, արդեն դրվեց որպես կառուցապատման տարածք»,-ասաց նա: Նարեկ Սարգսյանը հիշեցնում է, որ նախագծի քննարկման ժամանակ ինքը կտրականապես դեմ էր արտահայտվել. «Բայց դրանից ոչ մի օգուտ չեղավ: Հիմա հույս ունեմ, որ հաջորդ էտապում, որի աշխատանքներն արդեն սկսվել են, հնարավոր կլինի ուղղակի փոխել ծրագիրը, չնայած այդ մասում արդեն մի քանի աճուրդներ եղել են»:

Ու թեեւ Երեւանի Գլխավոր հատակագիծը համարվում է պատրաստ, պարոն Սարգսյանն այլ կարծիքի է: Նրա գնահատմամբ, ամբողջ աշխարհում գլխավոր հատակագծերը արվում են այնպես, որ դա մատչելի եւ հասկանալի լինի շարքային ցանկացած քաղաքացու համար, որպեսզի եթե քաղաքացին ցանկություն ունի որեւէ տեղ բնակարան գնելու, ինքը վերցնի հատակագիծը եւ տեսնի՝ հետագայում դրա շուրջը շինարարություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ կարգի շինարարություն է լինելու, կամ եթե ինքն է որեւէ տեղ ուզում ինչ-որ բան կառուցել, ի՞նչն է թույլատրվում, ի՞նչը` ոչ: «Մենք դեռ դրան չենք հասել. ու մինչեւ այդ ստադիային չհասնենք, չենք կարող ասել, որ ունենք Գլխավոր հատակագիծ, որովհետեւ այն պետք է հասանելի եւ հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Նարեկ Սարգսյանը: