Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ ո՞վ է ասում՝ Սվիտալսկին դիտողություն է արել» (տեսանյութ)

Քաղաքականություն
kostanyan-1

Պյոտր Սվիտալսկին որեւէ նոր բան չի ասել մեր երկրի ընտրական գործընթացները քննարկելիս,-ասում է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա համար անհասկանալի է իշխանության հակազդեցությունը. «Փորձում են Հռոմի պապից կաթոլիկ լինել, սթափ չեն գնահատում իրավիճակը, կամ պարզապես այլ արիենտիրներ ունեն, ինձ համար հասկանալի չեն դեսպանի օբյեկտիվ մտահոգություններն ու շատ հստակ գնահատականները։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում ընտրական ձեւախեղումներն այլանդակ չափերի հասած են»: Դեսպանի քննադատությունները տիկին Զոհրաբյանը չի պայմանավորում նրանով, որ Եվրամիությունը վախենում է, որ Հայաստանի իշխանությունը վերջին պահին Ռուսաստանի ճնշումով կարող է հրաժարվել ստորագրել ասոցացման համաձայնագիրը. «Որքան ես եմ տեղյակ, այդ հատվածի խնդիրները, որպեսզի միմյանց չհակասեն, դրանք բոլորը իմ տեղեկացմամբ քննարկվել են երրորդ կողմի հետ»: ՀՀԿ խմբակցության անդամ  Գեւորգ Կոստանյանը հակված չէ Եվրամիության գրասենյակի ղեկավարի կոշտ հայտարարությունները համարել դիտողություն Հայաստանի իշխանություններին. «Իսկ ո՞վ է ասում՝ Սվիտալսկին դիտողություն է արել, Սվիտալսկին կարծիք է հայտնել: Հիմա դուք մեկդ որակում եք դա դիտողություն, էն մյուսը որակում է սվիններով դիմավորում, դրանք կարծիքների փոխանակում են»: Դեսպանը հիշեցրել էր, որ իշխանությունները տապալեցին ընտրությունները Եվրամիությունից վերցնելով 7 միլիոն եվրո: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ բոլոր դեպքերում դիտողություններ անելիս պետք չէ խառնվել մեր ներքին գործերին. «Օգնություն տալ՝ չի նշանակում, որ պետք է այդ օգնությունը շահարկել եւ մեր ներքաղաքական խնդիրներին ու հարցերին խառնվել»: Հանրապետական պատգամավորը զարմանում է, որ Սվիտալսկին չի նկատում Հայաստանի ընտրությունների ժողովրդավարացման թռիչքային աճը: Ավելին, պատգամավորին դուր չի եկել նույնիսկ դեսպանի ոճը. «Կարելի է անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ, օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այն պաշտոնյաներից էր, որին ուղղված էին Եվրամիության դեսպանի կոշտ գնահատականները. «Ես էլ իմ գնահատականներում էնպես չէ, որ շատ մեղմ եմ արտահայտվել եւ արտահայտել եմ դիրքորոշումը երկրի նախագահի»: Նախարարն ի դեպ ոչ մի հիմք չի տեսնում, որ Պյոտր Սվիտալսկին իր գնահատականները հնչեցրել է վախենալով, որ նոյեմբերին Հայաստանը կարող է չստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: