Լուսինե Սահակյանի պայուսակը ցանկանում էին խուզարկել (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանում փաստաբան Լուսինե Սահակյանը թույլ չի տալիս խուզարկել իր պայուսակը: Արդյունքում նրան թույլ չեն տալիս մասնակցել դատական նիստին: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստն այնուամենայնիվ սկսվեց առանց պաշտպանների: Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ առանց նրանց չի ցանկանում նիստին մասնակցել: Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 14-ը՝ պաշտպանների ներկայությունն ապահովվելու համար. «Սա առավել անտրամաբանական որոշում է, ճիշտն ասած: Նույնիսկ ծիծաղելի, որովհետեւ, եթե փաստաբանները կանգնած են դատարանում, ուղղակի կարգադրիչներին պետք է ասեին, որ նրանք անօրինականություն չանեին եւ թույլ տային, որ փաստաբանները մուտք գործեին դատարանի դահլիճ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Պաշտպանները պահանջում են արդարացնել Արմեն Միքայելյանին, որը 1 տարվա ազատազրկման է դատապարտված՝ 2016թ հուլիսյան դեպքերի ժամանակ ապօրինի զենք կրելու համար. «Որեւէ ապացույց չկա եւ չի կարող լինել առ այն, որ Արմեն Միքայելյանը հնարավոր է ապօրինի զենք պահած լինի եւ քրեական գործի ապացույցներն էլ աղաղակում են այդ մասին»,- ավելացրեց Երվանդ Վարոսյանը: Ըստ ոստիկանության, Արմեն Միքայելյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով։ Երվանդ Վարոսյանը մեկ այլ խնդիր էլ է տեսնում՝ Արմեն Միքայելյանի մատնահետքերը հատուկ ընթացակարգով չեն վերցվել: «Բազմաթիվ են գործերը, երբ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չեն դրվել օրենքի հիմքում: Մինչդեռ, Արմեն Միքայելյանի պարագայում այլ է, անհայտ ծագման դակտո ժապավեն է կցված քրեական գործին։ Դատախազը ճառում, իսկ դատավորը վճռում ասում են, որ իրենց հավաստմամբ, դա Արմեն Միքայելյանի մատնահետքերն են եւ կայացնում են դատավճիռ, սա աբսուրդի ժանրից է»: Պաշտպանն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը եւ մեղադրանքը խստացնելն էլ նրա պաշտպանը համարում է քաղաքական որոշում: Այսօր Վերաքննիչ դատարանում դռնփակ լսվում էր Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը 5-րդ անգամ երկարացնելու հարցը։ «Քաղաքական բռնի հետապնդման շարունակությունն է, Անդրիասին անկոմպրոմիս ցանկանում են փակի տակ պահել: Այդպիսի մարդ հավանաբար պետք չէ, պետք չէ մարդ, ով փաստարկված է խոսում»,- ասում է պաշտպան Կարեն Մեժլումյանը: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին ՊՊԾ գունդ մտնելու մտադրություն ունենալու, զենքի տիրանալու և պատանդներ վերցնելու մեջ։ Անդրիաս Ղուկասյանը հրաժարվել էր դատական նիստին մասնակցել. «Մի կողմից իմաստ չի տեսնում, մյուս կողմից՝ այլ կարեւոր գործեր կան: Քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ստացել է եւ ցանկանում է երկար ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալուն»,-ավելացրեց պաշտպանը: Գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 21-ին: