«Խոշորացումը դարձրել եք բոբո, ինչի՞ եք վախենում» (տեսանյութ)
Համայնքների խոշորացումը պետք չէ սվիններով ընդունել՝ հորդորում է խոշորացված Տեղ համայնքի ղեկավարը՝ Ներսես Շադունցը. «Խոշորացումը դարձրել եք բոբո, բոլորը վախենում են, ինչի՞ ենք վախենում, ի՞նչ կա դրա մեջ վախենալու»։ Արդեն 6 ամիս է՝ Տեղը խոշորացվել է 6 բնակավայրի հիմքի վրա։ Բյուջեն 150 միլիոն դրամ է ու արդեն հասցրել են բավականին գործ անել։ Տեղի համայնքապետը փնջի գյուղերից Խնածախում կրճատել է չաշխատող գրադարանի ու մշակույթի տան վարիչների երկու հաստիքները։ Խնայված գումարով բացվել է մանկապարտեզ՝ 6 աշխատողով. «25 ընտանիքի երեխաներ հաճախում են մանկապարտեզ, դրա փոխարեն մենք մշակույթի տան տանիքը վերանորոգեցինք, փողոցները բարեկարգեցինք»,- ներկայացրեց Շադունցը։ Համայնքների խոշորացման ծրագիրը բողոքի ակցիաներով ընդունվեց Վարդենիսի տարածաշրջանում։ Փախստականներով բնակեցված գյուղերի բնակիչները փակեցին միջպետական ճանապարհը։ Նրանք մտավախություն ունեին, որ տեղաբնիկների հետ նույն փնջում միավորումը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց կյանքի որակի վրա։ ՀՀ Տարածաշրջանային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասում է. «Ազգային ժողովը լուծումը գտավ՝ փախստականներով բնակեցված 18 համայնքները դարձան մեկ համայնք՝ Գեղամա սար անվամբ և Սոթք կենտրոնով»։ Աշոտ Գիլոյանը սուբյեկտիվ է որակում պնդումը, թե համայնքների խոշորացումը արտագաղթի տեմպերն է ավելացնելու. «Կարող եք գնալ խոշորացված համայնքներ ու նայել փաստացի հաշվառված բնակիչների թիվը՝ մինչև խոշորացումը և հիմա։ Որևէ համայնքում թեկուզ մեկ բնակիչ չի բացակայել, չի արտագաղթել էս 6 ամսվա ընթացքում։ Իսկ խոշորացումը հենց արվում է, որ մեր բնակիչների կյանքը բարելավվի»։ Այս տարի վերջնականապես կխոշորացվեն 325 համայնքներ՝ 35 փնջերում։ Իսկ արդեն հաջորդ տարի Հայաստանի վարչատարածքային նոր բաժանումը վերջնական տեսք կստանա։