Միաժամանակ արյուն հանձնեցին իշխանությունն ու ընդդիմությունը (տեսանյութ)
Մարգարիտ Եսայանն առաջին պատգամավորներից էր, որ ԱԺ-ում մասնակցեց արյունատվության ակցիային: «Մենք կիսապատերազմական իրավիճակում ենք, եւ սա շատ կարեւոր է, որ ամեն մեկս մեր մասնակցությունն ունենանք՝ գոնե այս պահին արյուն տալով: Ինքս վաղուց եմ զբաղվում սրանով, առաջին անգամը չէ՝ դեռ 1990-ական թթ., երբ պատերազմական իրավիճակում էինք, երբ հաղորդվում էր, որ այս ինչ հիվանդանոցում վիրավորներ են բերել, պետք է արյուն: Մենք ընտանիքով գնում էինք այդ հիվանդանոց, քանի որ իմ արյունը 3-րդ կարգ դրական է, որը բոլորի համար է հասանելի, իսկ ամուսնունս՝ առաջին բացասական է՝ բացառիկ արյուն, եւ կային զինվորներ, որոնց հարկավոր էր այդ արյունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Արյան դոնորի միջազգային օրվա առթիվ ԱԺ-ում անցկացված ակցիային հիմնականում մասնակցեցին իշխանության ներկայացուցիչները: «Մենք պասիվների մեջ չենք, բավարար է մեր մասնակցությունը, սակայն կարծում եմ՝ պետք է ակտիվացնենք: Ասում են՝ ամենից տհաճ բանը մատից արյուն վերցնելն է, ասեմ՝ ընդհանրապես մանր ծակոցները տհաճ են. թե մատից արյուն վերցնելու, թե քաղաքական իմաստով, այո, մանրերը տհաճ են»,- կատակեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Դոնոր դառնալու համար Արյունաբանական կենտրոնի տնօրենը մի քանի չափանիշներ է մատնանշում, սակայն առանձնացնում է ամենակարեւոր պահանջը: «17 տարեկանը լրացած, բարի ցանկությամբ, իր կյանքի մի մասնիկը նվիրաբերելով մարդիկ պետք է դոնոր լինեն»,- նկատեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Պատգամավորների մեջ գերակշռում էին արյան դրական 2-րդ կարգը: «Դա գենետիկ է, հայերին բնորոշ արյուն է եւ մեզ մոտ հազվադեպ է 1-ին ու 4-րդ կարգի արյունը»,- ասում է մասնագիտությամբ բժիշկ, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: Արյուն հանձնելիս անգամ իշխանություն-ընդդիմություն հակասությունն ակնհայտ էր, թեեւ ամեն ինչ փորձեցին հումորով անցկացնել: «Կարեն Ավագյանը երկու լիտր արյուն պետք է տա, խոստացել է»,- կատակեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Դա ձեր դիրքորոշո՞ւմն է»,- հետաքրքրվեց Կարեն Ավագյանը: «Այո, խմբակցությունում դեռ չենք քննարկել»,- նույնպես հումորով հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը: «Արյունը մերձեցնում է, բարիշացնենք, որ էլ չվիճեն»,- միջամտեց Սմբատ Դաղբաշյանը: Գրեթե միաժամանակ արյուն հանձնելու եկան ԱԺ նախագահն ու Ելք դաշինք խմբակցության ղեկավարը: «Եղել է դեպք, երբ արյուն եմ հանձնել պատերազմի ժամանակ, եղել է դեպք, երբ հիվանդի է պետք եղել, հանձնել եմ, բայց որպես դոնոր՝ պարբերաբար չեմ հանձնում»,- անկեղծացավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Իմ արյան կարգը առաջին դրականն է: Թե որքանով է այն պահանջարկված, չեմ կարող ասել՝ մասնագետ չեմ»,- նկատեց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում մոտ 3 ժամ տեւած արյունատվության ակցիային մասնակից ամենաակտիվ պատգամավորներն ու լրագրողներն արժանացան մեդալների ու դիպլոմների, իսկ վերցված արյունը, մինչեւ պահեստավորումը, նախ կհետազոտվի, թե որքանով է այն որակական ու արդյունավետության առումով պիտանի: