«Սասնա ծռեր» խմբի անդամն առողջական նոր խնդիրներ ունի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը հիմա էլ սրտի հիվանդություններից է գանգատվում: Նա նաեւ առողջական այլ խնդիրներ ունի՝ խոսակցական ֆունկցիան վատացելէ, դժվար է արտաբերում բառերը, ինչպես նաեւ դժվարանում է քայլել: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը 5 օր առաջ է տեսակցել Արամ Հակոբյանին: Ըստ պաշտպանի՝ նրա առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա: Նրան անհրաժեշտ դեղերն էլ տրամադրում են հարազատները: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Արամ Հակոբյանի, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի 17 անդամների անջատված մասով գործն արդեն դատարանում է, նիստի օր դեռ նշանակված չէ: Իսկ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի եւ Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների վրա դրված արգելանքի որոշումն էլ հունիսի 16-ին վիճարկվելու է Վերաքննիչ դատարանում: Կալանքի տակ գտնվելու այս ամիսների ընթացքում նրանց տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները արգելված են նույնիսկ մերձավոր ազգականների հետ: