ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-վրացական խորհրդակցություններ
Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվեցին փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա աշնանը երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ և դելիմիտացիային վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ: ........................ Խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև Հունիսի 7-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ ՀՀ կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։