Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը կհաղթահարի այս դժվարությունը. իրանագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
maxresdefault-2-2

12 զոհ և 42 վիրավոր Իրանում ահաբեկչությունների արդյունքում։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները միաժամանակ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Այաթոլա Խոմեյնիի դամբարանում։ Այստեղ կին մահապարտն է գործել։ Իրանագետ Ահարոն Վարդանյանն ասում է. «Խորհրդարանի շենք մտել են կանացի հագուստներով, հետաքրքիր քողարկվելու ձև են գտել։ Այնուհետև կիրառել են մահապարտ ահաբեկչի երևույթը և տեղի է ունեցել 2-3 պայթյուն՝ իրենց պայթեցնելով»։ Դեռևս  չի հրապարակվում՝ արդյո՞ք մեջլիսում զոհերի թվում կա՞ն պատգամավորներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ խորհրդարանում ժամեր շարունակ մնացած 4 ահաբեկիչները ոչնչացված են ուժայինների կողմից։ «Իրանը կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ վերահսկողությունը և իրանական պետականությունը մեկ անգամ չէ, որ նման խնդիրների է բախվել իր գոյության ընթացքում։ Սա նույնպես կհաղթահարի և բնակչության կյանքը կդնի նորմալ հունի մեջ»,- ասում է իրանագետ Ահարոն Վարդանյանը։ Իրանական մեջլիսի նախագահը հարձակումն անվանել է  աննշան միջադեպ, որը, սակայն, ցույց է տալիս, որ ահաբեկիչները ձգտում են խնդիրներ ստեղծել։ Իրանը  ընկալվում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կենտրոն, ենթադրվում է՝  ահաբեկիչներին հենց այդ է դրդել գործողության այս երկրում.  «Իրանը շիայական պետություն է և իրեն համարում է շիաների հովանավորը,  իսկ Իսլամական պետությունը ներկայանում է սունիական։ Իսլամական պետությունը բոլոր երկրների թշնամին է և նա ամեն տեղ փորձում է իրեն գտնել թշնամիներ»,- նշում է իրանագետը։ Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորել  է այնտեղ  գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր այցելություններից: Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա: