Թեհրանում ոչնչացվել են ահաբեկիչները. 12 զոհ, 39 վիրավոր. թարմացվող (տեսանյութ)
16։ 30 Իրանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Մեջլիսի շենքում տեղակայված 4 ահաբեկիչները ոչնչացվել են: Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Իրանի ՆԳ փոխնախարարի հաղորդմամբ՝ ահաբեկիչները Մեջլիսի շենք են մուտք գործել կնոջ հագուստով՝ քաղաքացիների համար նախատեսված մուտքով: Իրանում այսօր արտակարգ դրություն է հայտարարված՝ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որի հետևանքով 39 մարդ վիրավորվել, 12-ը զոհվել է: 12. 50 Իրանի Մեջլիսի շենքի 5-րդ հարկում պայթյուն է որոտացել: Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին զինյալները տեղակայված են շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: 11. 10 Իրանում Այաթոլա Խոմեյնիի դամբարանում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել, մեկ մարդ՝ զոհվել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են ահաբեկչության մասին։ Տուժածների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։ Ոստիկանությանը հաջողվել է երկու հոգու ձերբակալել։ Մի քանի մահապարտներ էլ պայթեցրել են իրենց։ Սա այսօր միակ ահաբեկչական ակտը չէ Իրանում։ Ավելի վաղ անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի շենքում։ Tansim գործակալության տվյալներով՝ մեջլիսում երեք զինված անձինք կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Արդյունքում առնվազն երկու մարդ վիրավորվել է։ Երկու ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն էլ ստանձնել է Իսլամական պետությունը։