Ինչու է Տիգրան Սարգսյանը որոշել դատի տալ ԶԼՄ-ներին (տեսանյութ)
Տարին մեկ անգամ ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյա փորձում է ծնկի բերել որեւէ լրատվամիջոցի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լեւ Գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ ավելացնելով. «Մինչդեռ լրատվամիջոցը սառը ցնցուղի դեր է կատարում, եւ դա պետք է կատարի բոլոր ոլորտներում՝ գործառույթներ իրականացնող անձանց համար: Ավելին՝ կարող է ինչպես սադրել, այնպես էլ ցնցել տվյալ անձնավորությանը՝ հանրության ուշադրությունը հրավիրելով վերջինիս գործունեությանը»: Նրա խոսքը վերաբերում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների` «Իրավունք» թերթ, «Ա1+», tert.am, «168 ժամ» օրաթերթ, 2016թ. նոյեմբեր 4-ին դատի տալու փաստին: Նախկին վարչապետն հայցադիմումում նշել է իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջը: Փաստաբանն ընդգծեց, որ մեկ տարի առաջ մի անձնավորություն ասուլիս է տվել ու քննադատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այդ ասուլիսին ներկա լրատվամիջոցներն ընդամենը լուսաբանել են այդ անձնավորությանը: Արդյունքում, ներկա լրատվամիջոցների դեմ դատական գործ է սկսվել: Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ նախկին վարչապետին վիրավորել է հատկապես այն, որ ասուլիսի տվող Աշոտ Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել եւ քննադատել է Տիգրան Սարգսյանի՝ մեծ աղմուկ հանած օֆշորային սկանդալին. «Լրատվամիջոցն իր հերթին լուսաբանել է բարեխիղճ, բառացի վերարտադրել է իր խոսքերն ու հանրությանը տեղեկացրել է: Երբ դատակոչվում է ոչ միայն տվյալ անձը՝ Աշոտ Գրիգորյանը, այլեւ ամբողջ լրատվական համակարգը, ես այստեղ, իրոք, խնդիր եմ տեսնում, որ վախի մթնոլորտ ստեղծեն ԶԼՄ-ների մոտ, որ ձեռնպահ մնան բարձրաստիճան պաշտոնյաներին քննադատությունից: Այստեղ պետք է համախմբված, տոտալ պայքար պետք է տարվի ցանկացած լրատվական սահմանափակումների ու ազատ խոսքի դեմ, քանի որ այս ուխտը վաղ թե ուշ չոքելու յուրաքանչյուրի դռանը»: Այս պահին դեռ նախնական դատական նիստեր են ընթանում ու առաջիկայում պարզ կդառնա՝ նախկին վարչապետը գումարային, թ ե՞ բարոյական փոխհատուցում է պահանջում: Ավելին՝ տեսանյութով