Կույր երեխաներին մարզել եւ չունենալ ոչ մի պետական աջակցություն (տեսանյութ)
Մեկ ամիս առաջ Ճապոնական Շոտո կարատեի ֆեդերացիան (GKS-Armenia) ԱՄՆ-ում արժանացել է Կոնգրեսմեն Ադամ Շիֆի մրցանակին՝ ԱՄՆ դրոշին: Սա, ըստ ԱՄՆ սահմանադրության, այդ երկրի ամենաբարձր պարգեւներից մեկն է: «Հայաստանից 4 երեխա էինք տարել մեզ հետ, նրանք հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Անվճար հիմունքներով ենք նրանց տարել: Երեխաներն այնտեղ ցուցադրել են մարտարվեստի հնարքներ: Այնտեղ շատ բարձր գնահատեցին մեր գործունեությունը ու տվեցին այդ մրցանակները»,- նշում է ֆեդերացիայի իրավաբան Հայկազ Մակարյանը: Ֆեդերացիան նաեւ Հայաստանում է անվճար պարապմունքներ անցկացնում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ. «Կույր երեխաներին պարապեցնել, մարզել, եւ չունենալ ոչ մի պետական աջակցություն, գովելի արդյունք է»,- ասում են ֆեդերացիայի անդամները: Ճապոնական Շոտո կարատեի ֆեդերացիայում ցանկություն ունեն շարունակական դարձնել այս ծրագիրը եւ դրա համար ակնկալում են պետական աջակցություն. «Մենք դիմում ենք բարերարներին, որ օգնեն այս սպորտաձեւը զարգացնել, ավելի շարունակական դարձնել այս միջոցառումները: Դիմում եմ նաեւ պետական մարմիններին, սպորտի նախարարությանը: Մենք ուզում ենք դիմել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի մեզ աջակցի, որ այս սպորտաձեւն ընդգրկվի օլիմպիական խաղերում»: