Վաղը կնշվի Համբարձման տոնը. ուխտագնացություն՝ Արայի լեռ (տեսանյութ)
Վաղը նշվում է Համբարձման տոնը՝ Ջանգյուլումը: Համբարձում նշանակում է բարձրացում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միաժամանակ նշել է՝ տոնի հետ կապված վիճակի խորհուրդը գուշակության հետ կապ չունի. «Վիճակի խորհուրդը հենց քրիստոնեական խորհուրդ ունի , երբ Քրիստոս համբարձվեց մինչեւ Սուրբ հոգու գալուստը, առաքյալները հավաքվեցին եւ նոր առաքյալ պետք է ընտրեին՝ 12-րդ առաքյալին, որովհետեւ Հուդան ինքնասպանություն էր գործել, և վիճակը ընկավ Մադաթիային: Վիճակն այդ խորհուրդն ունի»,- ավելացրեց ավագ քահանա Մալյանը: Համբարձման օրը 7 աղբյուրից ջուր եւ դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ էին բերում։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է Վիճակ կամ Ջանգյուլում անուններով: Վիճակի ժամանակ, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում, իսկ մյուս անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում: Մինչ վիճակահանությունը՝տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Վաղը մեծ ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Արայի լեռ, ծաղիկներ կհավաքեն, պսակներ կգործեն: