«Կարելի է համագործակցել իշխանության հետ՝ մնալով ընդդիմադիր»
Արդյունավետ աշխատանքի համար կարեւորը ոչ թե մշտական հանձնաժողովների թիվն է, այլ, թե որքան ծանրաբեռնված է այն աշխատում: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահը ճիշտ է համարում, որ այսօր այս հանձնաժողովին միացվել է նաեւ գյուղատնտեսականն ու բնապահպանականը: «Եթե արդյունավետ աշխատի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, ես չեմ կարծում, որ այնքան ծանրաբեռնված կլինի, որ չեն հասցնի: Ուղղակի այստեղ գործառույթների տարբերություն կա՝ մի ուղղությամբ այլ գործառույթ կա, մյուսով՝ այլ. ֆունկցիաների ու մասնագիտական ուղղվածության խնդիր կա, սակայն հանձնաժողովը միշտ կարող է ենթահանձնաժողովներ ստեղծել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նոր ԱԺ-ն 131-ի փոխարեն ունի 105 պատգամավոր, ուստի կրճատվել են նաեւ մշտական հանձնաժողովների քանակը՝ 12-ից դառնալով 9, որից 3-ը կգլխավորի ընդդիմության, իսկ 6-ը՝ իշխանության ներկայացուցիչները: Նորընտիր ԱԺ-ում ընդդիմադիր Ելք դաշինքի կողմից քննադատվեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի միավորումը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: «Իմ պաշտոնավարման ժամանակ, օրինակ, եղել են շատ վիճահարույց դեպքեր, երբ այս կամ այն նախագիծը որպես գլխադասային հանձնաժողով, պետք է քննարկի պետաիրավականը, թե՞ մարդու իրավունքները: Մարդու իրավունքների այս հանձնաժողովն այնքան ծանրաբեռնված չէ, որ միավորվելու դեպքում ազդի մյուս հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը: Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ում մեծանում է ընդդիմության դերակատարումը: Արդյոք այս դեպքում որոշիչ կլինի՞ մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահի դերակատարումը: «Հանձնաժողովի նախագահը ընդդիմություն լինելու տեղը չէ. դա մասնագիտական ու հենց լավ աշխատելու տեղն է: Եթե իսկապես մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, դրանից կշահեն բոլորը: Եթե հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա մշտապես ընդդիմադիր դիրքերից պետք է հանդես գա եւ մերժի ամեն ինչ, ինչ բերվում է: Հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր լինելը դա հանձնաժողովի նախագահին չի վերաբերում, որպես պատգամավոր՝ այլ բան է, որպես հանձնաժողովի նախագահ՝ բոլորովին այլ բան է»,- նկատում է Ստեփան Մարգարյանը: «Կարծում եմ՝ ընդդիմադիր հատվածում նստած մեր գործընկերները ունեն այդ պոտենցիալը, օրինակ՝ նույն Ելքի մեջ կան փայլուն իրավաբաններ, մարդիկ, որոնք կարող են ԱԺ-ում դրսեւորվել ու աշխատել: Ընդդիմադիր լինելն ու քարշակի դեր տանելը դա միայն ընդդիմադիր կեցվածքը ամրացնելու կամ ընդգծելու համար ամենամուգ գույներով իրավիճակը ներկայացնելը չէ. կարելի է կոնստրուկտիվ աշխատել նույն իշխանության հետ՝ տարբեր նախաձեռնությունների շուրջ, միեւնույն ժամանակ մնալ ընդդիմություն ու այդ հատվածի տեսակետները տանել առաջ»,- վստահեցնում է Հովհաննես Սահակյանը: Միավորվել են նաեւ Առողջապահության, մայրության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները: Կար խնդիր միավորել նաեւ Եվրաինտեգրման եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, սակայն հաշվի առնելով աշնանը ԵՄ հետ նոր համաձայնագրի հնարավոր ստորագրումը՝ հանձնաժողովները պահպանվել են առանձին-առանձին: