«Որեւէ պետություն չի կարող Հայաստանին ստիպել` վերադարձնել տարածքները» (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով զինադադարի պայմանագրի կնքմանը, որից անցել է 23 տարի, նշեց. «Եթե չլիներ այս պայմանագիրը, մենք չէինք ունենա խաղաղ բանակցային գործընթաց։ Ադրբեջանական կողմի հիմնական նպատակն էր` այն, ինչ չհաջողվեց ռազմական ճանապարհով, ստանալ քաղաքական առումով` տարածքների վերադարձ։ Դա նրանց չհաջողվեց, որից հետո նրանք ընդմիջում վերցրին, սակայն, ի վերջո, նրանք չկարողացան այդ փաստաթղթից հրաժարվել։ Սա այն իրավական զսպիչ գործոնն է, որով բացահայտում է, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։ Զինադադարի պայմանագիրն ընդունված է միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից»: Ըստ նրա` երբ խոսում են այսօրվա զոհերի մասին, ապա պետք է նշել` եթե չլիներ այս պայմանագիրը, ապա կլիներ պատերազմ.«Հակառակորդն ապրիլյան պատերազմի ժամանակ զսպված էր գործում` նա չօգտագործեց հեռահար զենք, որն ուներ ու կարող էր օգտագործել Ստեփանակերտի վրա, չօգտագործեց ավիացիա, սմերչ, մինչդեռ առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն ամեն տիպի զենք օգտագործել է։ Միայն այս փաստն արդեն խոսուն է»: Պե՞տք է արդյոք հիմա քննարկել, զարգացնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խաղաղության ծրագիրը, Վաղարշակ Հարությունյանը նկատում է` պետք է հաշվի առնել հակառակորդի պահվածքը.«Չմոռանանք, որ Ադրբեջանը նախ ստորագրեց, ապա հրաժարվեց զինադադարի պայմանագրից, ո՞նց կարող ենք նրան առաջարկել` եկեք լուծենք այս հարցը։ Արդյոք հնարավո՞ր է նստել, քննարկել Ադրբեջանի հետ ու զինադադարի պայմանագրից անցում կատարել, առաջ գնալ եւ հասնել հարցի լուծման, ոչ։ Մեջբերեմ Հեյդար Ալիեւի հայտնի հայտարարությունից` Ղարաբաղը մերն է, ինչպես նաեւ` Երեւանը, Մեղրին ու Գորիսը։ Օբյեկտիվ գնահատենք` հայկական կողմը դեռ այն ժամանակ պատրաստ էր կարգավիճակի դիմաց տարածքներ զիջել, իսկ Ադրբեջանն ինչ զիջման էր պատրաստ՝ ոչ մի։ Ադրբեջանը չի գնա որեւէ զիջման։ Ես հայտարարում եմ` առաջիկայում Ղարաբաղյան հակամարտության հարցը որեւէ լուծում չի ստանա` հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ աշխարհում ոչ մի հակամարտություն արագ չի լուծվել։ Հարցը կլուծվի, եթե Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխի, պետք է դրան սպասել. մենք մեր կողմից ռազմաքաղաքական առումով հարցը լուծել ենք։ Դա շատ լավ գիտակցում է նաև Ադրբեջանը, եւ հույսը դնում է համանախագահների վրա։ Ի դեպ, որեւէ պետություն չի կարող ՀՀ-ին ստիպել` վերադարձնել տարածքները»։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուն եւ ընտրություններում պարտվելուն, ապա Վաղարշակ Հարությունյանը ինչպես որ նախկինում էր դեմ նրա` քաղաքականության մեջ մտնելուն, այնպես էլ հիմա.«Հիմա էլ կարծում եմ, որ պետք չէր, մյուս մեկնաբանություններից զերծ կմնամ»։