Ազատությունից զրկված անձանց կապը հարազատների հետ կամրապնդվի
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում,«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով: Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը: Այդ հարցերը տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաև քննարկվել են Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.
- ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը,
- կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն,
- մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք,
- առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսել կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորություն՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով,
- ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված անձանց համար,
- քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված և ձերբակալված անձանց համար: