Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Gallup. «Եթե չեն ուզում հավատալ մեզ, կարող են փակվել և ասել, որ իրենք ամենապուպուշն են»

Քաղաքականություն
gellap

Gallup International Association-ը ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացված հերթական հարցումների արդյունքները: Հարցումներն իրականցվել են մինչև մայիսի 9-ը: Եղել է  1074 դեմ առ դեմ հարցում` մայրաքաղաքի 2 վարչական շրջաններում: Ըստ ստացված արդյունքների՝ ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 72,3 տոկոսը, «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ 15,5 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին՝ 4,7 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 3,2 տոկոսը: Քարոզարշավին հետևել են հարցվածների 56. 1 տոկոսը, որից 73,8 տոկոսն ավելի շատ հանդիպել կամ տեսել է ՀՀԿ-ի իրականացրած քարոզարշավը, 46,3 տոկոսը՝ «Ելք»-ի, 32,5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:   Հարցման մասնակիցների 67,7 տոկոսը նշել է, որ մասնակցելու է ընտրություններին, 15,4 տոկոսը՝ ավելի շուտ մասնակցելու է, 10,4-ը՝ չի մասնակցելու:  Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը, հաշվի առնելով իրենց ստացած թվերը, կարծում է, որ բոլոր քաղաքապետի թեկնածուներն ունեցել են էֆեկտիվ քարոզարշավ. «Մինչեւ քարոզարշավի սկսվելը, մենք կրկին հարցումներ էինք արել, այս անգամ բարձրացել էր բոլորի վարկանիշը»: Տարոն Մարգարյանի դիրքերը ամուր են եղել, քանի որ իր թիմը ունի կատարած աշխատանք, վստահ է Արամ Նավասարդյանը. «Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը ասում են, որ կան խնդիրներ՝ աղբահանության մաքրության հետ կապված, բայց յուրաքանչյուր քաղաքում կարելի է գտնել կեղտոտ բակ, բայց ասել, որ ընդհանուր քաղաքի կտրվածքով վատ է վիճակը ճիշտ չէ: Մենք ունենք 3-4 տարվա հետազոտությունների դինամիկա, եւ մենք տեսնում ենք, որ տարեցտարի այդ ոլորների վիճակը լավանում է»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է կազմակերպությունը վերաբերվում նրան, որ  ընդդիմադիրները թերահավատությամբ են մոտենում իրենց ներկայացրած թվերին եւ մեղադրում են, որ իշխող կուսակցության օգտին են աշխատում, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Կան այդպիսի կուսակցություններ , որ պիտակավորում են մեզ, ասում են վաճառված արդյունքներ են եւ իրենք ունեն 10 անգամ ավելի մեծ ցուցանիշ: Վառ օրինակ է ՕՐՕ-ի եւ ՀՎԿ-ի մեղադրանքները, նրանք պնդում էին, թե իրենց ցուցանիշներն ավելի բարձր են, բայց ինչ եղավ, բոլորս գիտենք, հիմա եթե չեն ուզում հավատալ, թող չհավատան, պետք է մի քիչ սթափ լինեն, եթե չեն ուզում հավատալ կարող են փակվել իրենց սենյակներում եւ  ասել, որ իրենք ամենալավն են ու ամենապուպուշը»: