«Տարոն Մարգարյանը սեւ ներկով խազ է քաշել ծրագրի վրա» (տեսանյութ)
Իրավական առումով որեւէ խնդիր չկա կամ հակաօրինական որեւէ տարր չի պարունակում ԵԼՔ-ի այն առաջարկը, որ Երեւան քաղաքում իշխանության գալու պարագայում պատրաստ են 15 հազար դրամ սոցիալական օժանդակություն տալ այն քաղաքացիներին, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԼՔ դաշինքի՝ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենց առաջարկի քաղաքական հատվածը պարզ է. «Քաղաքական ուժը պետք է տիրապետի իր շուրջ ձեւավորած իրավիճակին ու փորձի որոշակի լուծումներ առաջարկել, որոնք ճգնաժամային իրավիճակ են ստեղծել: Այդ առումով ընտրակաշառքը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, դրա համար առաջարկել ենք այդ լուծումը: Բարոյական չէ, երբ քաղաքական ուժը որոշի, թե նրանք, որոնք ընտրություն են կատարում ընտրակաշառքով, հրաժարվեն նրանց հետ աշխատել՝ նրանց չբերել օրենքի ու քաղաքացիական գիտակցության դաշտ»: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հաղթանակի դեպքում Երեւանի բյուջեն 30-40 մլրդ դրամով կավելանա. «Այդ իմաստով մեր առաջարկի համար ծախսվող 3 մլրդ դրամի ներդրումը կնպաստի բյուջեի արդյունավետ կառավարմանը: Ինչպես ենք պատկերացնում բյուջեի ավելացումը. մենք նկատի ունենք ռեալ խնայողությունները՝ կան անարդյունավետ ծախսման բազմաթիվ օրինակներ՝ տրանսպորտային միջոցների ու ծառայողական մեքենաների առումով: Մեկ այլ օրինակ՝ մայրաքաղաքի նստարանների մեկ հատը արժե 160 հազար դրամ: Դա անկհայտորեն մեծ գին է ու այդտեղ ունենք շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Մեր բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ այդ կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի քաղաքապետարանին գույքի մատակարարի: Այստեղ շատ լուրջ խնայողություններ կարելի է անել: Կան մարդիկ, որ հայտարարում են՝ նույն նստարանը կարող են 85 հազար դրամով սարքել, թեեւ գործնականում պետք է դա ստուգվի: Ի վերջո, մենք չենք խոստանում, որ դրամ ենք վճարելու, այլ կատարելու ենք բյուջեի փոփոխություն, եւ համայնքային ինստիտուտն է այդ դրամը վճարելու, ոչ թե քաղաքական ուժը: Իսկ այն, որ Երեւանի բյուջեն արդեն ընդունվել է, ապա պետք է ասեմ, որ այն կարող է փոփոխման ենթարկվել ավագանու կողմից: Ընտրակաշառքի հարկադրանքի ենթարկվող քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրը մենք կլուծենք երթուղայինների գծատերերի, մասնավորապես Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնյաների եկամուտների կրճատմամբ»: ԵԼՔ դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանին իր հերթին անդրադարձավ 15 հազար դրամ տալու մասին իրենց առաջարկին՝ ասելով՝ դա հանցագործության մասին դիմում չէ. «Մեր՝ իշխանության գալուց հետո նման դիմումների դեպքում ոստիկանություն դիմելու կարիք այլեւս չի լինի, քանի որ այլ մթնոլորտ կլինի: Նույնն էլ վերաբերում է ներդրումային միջավայրին ու մոտեցումներին, որոնք կփոխվեն: Այս դեպքում մենք չենք ելնելու այն բյուջեից, որ գոյություն ունի. եթե այդպես լինի, ապա թող Տարոն Մարգարյանը մնա իշխանության»: Ինչ վերաբերում է նախընտրական իր մրցակցի՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքներին, ապա Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նա իր քառամյա ծրագիրը 70 տոկոսով չի արել. «Ծրագրային վանդալիզմ է արել, սեւ ներկով խազ է քաշել ծրագրի վրա: Արժե՞ քննարկել նրա որեւէ խոստում, կարծում եմ՝ ոչ: Ընդդիմադիր ընտրողներին կոչ եմ անում՝ չփոշիացնել իրենց ձայները ու թույլ չտալ Տարոն Մարգարյանին պլստալ՝ ընտրվել: Ընդհանուր գնատատականը նրա կատարածի՝ համարում են անարդյունավետ. ստրատեգիական խնդիրներ կան, որոնք շարունակում են մնալ չլուծված»: Լրագրողներից մեկի հարցին, որ նա նյարդային է ու, այսպես ասած, մուննաթով է խոսում քաղաքացիների ու լրագրողների հետ, Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատեց. «Ես մուննաթով կամ հորդուբորդով խոսում եմ կոռուպցիոներների հետ: Եթե որեւէ մեկի հետ զրույցում իմ կողմից նման էլեմենտներ նկատվում են, ապա դա ուղղված է քաղաքը ու բյուջեն անարդյունավետ կառավարողներին, ու դա որեւէ կերպ ուղղված չէ լրագրողներին, հանրությանը: Եթե իմ խոսքը այդպես է ընկալվել կամ դիսկոմֆորտ են զգացել, ես ցավում եմ դրա համար, եթե սխալ ձեւակերպումներ եմ արել, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը, քանի որ դա նրանց ուղղված չէր»: Շարունակելով Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց նայել «Խոշոր շահում» ֆիլմը, որտեղ հերոսը բազմիցս լավություն անելուց հետո մի անգամ հրաժարվում է օգնել, ու բոլոր սկսում են նրան մեղադրել: