Իսպանացի գործարարը մտադիր է Հայաստան բերել օտարերկրյա ներդրողների
Իսպանացի ներդրողներն խիստ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական ստարտափերին և հայկական ՏՏ ոլորտին: Իսպանացի գործարար, SiliconSEEDSConnectors ընկերության խորհրդատու Ջեսուզ Լոզանոն այդ արձանագրել է ապրիլի 26–27–ը Իսպանիայի Սալամանկա քաղաքում տեղի ունեցած Startup Ole համաժողովի ժամանակ։ ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցած Startup Ole համաժողովի առիթով Իսպանիա մեկնած 10 ստարտափերը Ջեսուզ Լոզանոյի շնորհիվ հնարավորություն են ունեցել նաև հանդիպել Մադրիդում բավականին ազդեցիկ բիզնեսներ ունեցող ներդրողներին: Ջեսուզ Լոզանոյի մոտ գաղափար է ծնվել՝ ինչո՞ւ Հայաստանում չկազմակերպել մեծ միջոցառում և ինչո՞ւ չհրավիրել օտարերկրյա նեդրողներին, ստարտափերին՝ հայկական պոտենցիալը ներկայացնելու նպատակով: Նա այդ մասին ասել է նաեւ մայիսի 3–ին՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։ Պարոն Լոզանոն նշում է, որ 3–4 ամսում հնարավոր է կազմակերպել ինչպես իսպանացի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչ, իր գործընկեր օտարերկրյա ներդրողների այցը Հայաստան: Ի դեպ, Ջեսուզ Լոզանոյի կինը ազգությամբ հայ է: Նրանք ապրում են Մադրիդում: