Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտավորական մարդը փչացրեց Տարոն Մարգարյանի քարոզարշավը» (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

ԵԼՔ  դաշինքն իր ռազմավարությանը համապատասխան ամենօրյա ռեժիմով իրականացնում է քարոզարշավը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով ընտրապայքարը այնքան էլ մրցակցային չէ իրենց եւ ՀՀԿ միջեւ. «Գաղափարների ու ծրագրերի մրցակցություն չէ, անգամ դեբատից է հրաժարվում մեր մրցակից, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Սա է պատճառը, որ մենք ոչ թե բանավեճի ֆորմատով ենք ներկայացնում մեր ծրագրերը, այլ տնետուն, բակերով գնալով, թաղամասերով ներկայացնում ենք, թե ինչ տեսլական ունի Ելք դաշինքի կառավարիչների թիմը, որը հավակնում է պատասխանատվություն ստանձնել Երեւանում»: Էդմոն Մարուքյանը վստահ է, որ այս անգամ հաջողություն են ունենալու՝ կառավարումը ստանձնելով կփոխզսպեն ՀՀԿ-ական իշխանությանը. «Մենք լավ հասկանում ենք Երեւանի դերն ու նշանակությունը ամբողջ հանրապետության տարածքում: Ունենալով խմբակցություն ԱԺ-ում եւ ստանձնելով ՏԻՄ լծակները Երեւանում՝ մենք կարող ենք փոխզսպելով հակակշիռ լինել գործող ՀՀԿ-ի այս տոտալ վերահսկողությանը, որ ձեւավորվել է 6-րդ գումարման ԱԺ-ում: Երեւանցիների ու ՀՀ քաղաքացիների համար սա լավագույն հնարավորությունն է՝ այս շանսը օգտագործել. այլեւս եկող 4 տարիների ընթացքում այսպիսի շանս չի լինելու»: Ըստ նրա՝ քաղաքական իմաստով ՀՀԿ-ն եւ  Տարոն Մարգարյանի թիմը մրցակից չի կարող լինել Ելք դաշինքին. «Նրանք մրցակից են փողով, վարչական ռեսուրսով, թաղային խուժաններով: Երեկ էլ մի թաղամասում մեքենաները արագ վարում էին, անընդհատ մեզ հետապնդում էին, որի վերաբերյալ պարոն Փաշինյանը նորից հաղորդում ներկայացրեց ոստիկանություն: Սա է իրենց դեմքը: Եթե այս մեխանիզմներով են իրենք պատկերացնում Երեւանի կառավարումը, նրանք ինչ մրցակից կարող են լինել: Մենք կռվում ենք քաղաքական դաշտում, մեր պայքարը քաղաքական, ցիվիլ է, քաղաքացիական գիտակցության վրա ենք աշխատում, իսկ իրենք տեսեք՝ ինչ դաշտում են փորձում մրցակցության մեջ մտնել»: ՀՀԿ-ից հպարտությամբ նշում են, որ իրենց ընտրապայքարը մյուսներից տարբերվում է նրանով, որ իրենք ցեխ չեն շպրտում մյուս մրցակիցների վրա: Էդմոն Մարուքյանն այլ կարծիքի է. «Ես կոնկրետ օրինակ բերեմ ցեխ շպրտելու՝ ի՞նչ է նշանակում, երբ իբր մտավորականն ասում է՝ բեզդելնիկներ են, մյուս երկու թեկնածուների կամ թիմերի մասին: Դա ուղղակի խայտառակություն է: Էդ մարդը պետք է որակ հաղորդեր Տարոն Մարգարյանի քարոզարշավին, սակայն կարծում եմ՝ հիմա փչացրեց այդ քարոզարշավը՝ որպես այդպիսին»:  Ի դեպ, Ելք դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի նախագահը Էդմոն Մարուքյանն է, պատրաստվում է դիմել ՍԴ՝ Վանաձորում անցած տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հարցով. «Դիմումի վրա ենք հիմա աշխատում: Երբ ժամանակը գա, այդ մասին մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք: Թե երբ դա կլինի, պարզ չէ, քանի որ դա կախված է նոր ԱԺ-ի պատգամավորների ստորագրությունների քանակից: