Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը Հայաստանում չի կարող կրել իր  պատիժը

Քաղաքականություն
Permyakov1

 Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության համար  ցմահ ազատազրկման դատապարտված  Վալերի Պերմյակովը չի կարող Հայաստանում կրել իր  պատիժը, որովհետեւ հանձնված չէ Հայաստանին:  «Դատական ակտը պետք է ճանաչվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ տեղափոխման ակտ պետք է քննարկվի»,- «Ա1+»-ին ասաց Ավետիսյանների  իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Արդարադատության նախարարությունն արդեն   քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:   Վճռաբեկ դատարանը օրեր առաջ մերժել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ` Արթուր Սաքունցի, Արայիկ Զալյանի, Արգիշտի Կիվիրյանի վճռաբեկ բողոքները: Արթուր Սաքունցն ու Արայիկ  Զալյանը պահանջում էին ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Արամազդ Կիվիրյանը նույնպես պահանջում էր  բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար: Վճռաբեկ դատարանը մերժել էր եւ առաջին ատյանի վճիռը մտել էր օրինական ուժի մեջ:  Փաստաբան Լուսինե Սահակյանի համար ակնհայտ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում հարցը նորմալ լուծում ստանալ չէր կարող.  «Որովհետեւ ակնհայտ էր Հայաստանի  կաշկանդվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ուղղակի ՀՀ ներպետական ատյանները իրենց մեջ ուժ չգտան, որպեսզի իրավական լուծում տան այդ խնդրին»:     Վճիռը բողոքարկվելու է Սահմանադրական եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: