Կնոջ ուսը կոտրելու համար պատասխանատվության չեն ենթարկվի (տեսանյութ)
Մարտի 18-ին Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի: Հատուկ Քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ: «Ոստիկաններն են ինձ հետ հրել եւ նրանք են ինձ ստիպել, որ ես իմ հավասարակշռությունը կորցրել եմ: Ոստիկաններն անցնելուց ինձ օգնության չեն մոտեցել: Լսել եմ մարդկանց ձայները, իրենք են ինձ բարձրացրել եւ ինձ քաղաքացի է ուղեկցել դեպի ոստիկանական մեքենա, որտեղից ինձ տեղափոխել են»,- «Ա1+»-ին ասաց Լաուրա Զաքարյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս: «Իմ պաշտպանյալը ոստիկանական բռնություններից հետո կոտրել է ուսը, գետնին ընկած կնոջը ոստիկանները ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին: Սակայն Հատուկ Քննչական ծառայությունը չի տեսնում հանցակազմ»,- ավելացնում է փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքերով՝ միայն իր վստահորդից են բացատրություն վերցրել: Դեպքի վերաբերյալ տեսանյութերը քննության առարկա չեն դարձել, ենթադրյալ բռնություն գործադրած ոստիկանները բացատրություն չեն տվել, մինչդեռ Լաուրա Զաքարյանը դեպքից հետո մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ «Վալերի Օսիպյանից բացատրություն չեն վերցրել, քանի որ նա էր անմիջապես հրամաններ տալիս, այդ օրը ծառայություն մատուցող ոստիկաններից՝ նույնպես: Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է դրսեւորում եւ չի ուզում բացահայտել իրական հանցագործություն կատարող անձանց»: Ըստ Արա Ղարագյոզյանի՝ Հատուկ քննչական ծառայությունը անգործություն է դրսեւորում եւ չի ուզում բացահայտել հանցագործություն կատարողներին։ Պաշտպանը հայտարարում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն է գործում եւ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնության համար որեւէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության: