Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 քաղաքական ուժ միավորվեց. ընդունվել է մանիֆեստ (տեսանյութ)

Քաղաքականություն
sdhk

Այսօր տեղի ունեցավ աշխատավորի իրավունքներին նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան  և «Հայազն» կուսակցությունները հայտարարեցին միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու և ընդհանուր օրակարգ մշակելու մասին` ՍԴՀԿ դրոշի ներքո։ Միավորումից հետո քաղաքական խորհուրդը կգործի որպես կուսակցության մաս կազմող մարմին։ Այդ առիթով խորհրդաժողովն ընդունեց 6 կետանոց մանիֆեստ։ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօր տոնի հոտը չի զգացվում, քանի որ ամեն քայլի մարդու աշխատանքի իրավունքների խախտումներ են, ու արդյունքում մարդիկ վերմակով եւ դոշակով արտագաղթում են. «ՍԴՀԿ հետ մենք մի կողմ ենք թողել մեր կուսակցական ամբիցիաները ու հպարտությունը եւ միավորվել​ մեկ դրոշի ներքո ու քայլում ենք առաջ»։ Դահլիճը սկսեց ծափահարել։ Նա հայտարարեց, որ հպարտորեն է կանգած երեք դրոշի առաջ` Եռագույն, Հայազնի եւ ՍԴՀԿ։ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում նշեց, որ չի ուզում ինքնագովազդով զբաղվել, սակայն ուզում է նշել, որ այսօր քաղաքական կարեւորագույն գործընթաց է տեղի ունենում. «Այն, որ երկու քաղաքական ուժ միավորվում են ոչ թե նախընտրական շրջանում, այլ այդ պրոցեսներից դուրս, եւ նպատակը գաղափարական միավորումն է, քաղաքական մտքի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: Մենք միավորվում ենք, քանի որ մեր ուշադրության կենտրոնում ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է։ Մեղավոր է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, որ այդպես էլ ինստիտուցիոնալ ու ծրագրային ընդդիմություն չձեւավորվեց. մինչ օրս եղածները միայն ասում էին` դու գնա, որ ես գամ։ Իսկ մենք` Հայազնի հետ միասին լուծելու ենք այդ խնդիրը։ Ավելի ողբերգական քաղաքական օրակագ, քան ապրիլյան ընտրություններին, չէր եղել, այն, որ ասում էին` ես ավելի շատ միլիոնների ներդրում կբերեմ, քան դու։ Սա էր, դրա համար հասարակությունը ձայն տվեց ՀՀԿ-ին։ Մենք մեր օրակարգով ենք առաջնորդվելու եւ պաշտպանելու ենք հիմնականում աշխատանքի իրավունքը, որի համար կձեւավորենք խորհուրդ, որը կղեկավարի Արմեն Մկրտչյանը»: