Կասկածում եմ, որ գյուղնախարարությունը տեղյակ է բոլոր խնդիրներից. ֆերմեր (տեսանյութ)
Գազի գնի էժանացումը եւ Թուրքիայից էժան լոլիկի ներմուծման արգելքը դրական ազդեցություն է ունեցել գյուղացիների վրա. տեղականը սկսել է բավարար չափով սպառվել։ Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը նշում է, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղում գյուղացիները ցանկանում են ավելացնել նաեւ իրենց հողատարածքները, քանի որ այս տարի շահույթ են ստացել: «Մոտավորապես 90-95 տոկոսը տեղական արտադրության լոլիկներ են: Կարող է 50- 100 կգ մաքսանենգ ճանապարհով գան, բայց արդեն եղանակները տաքացել են, եւ ջերմոցները 100 տոկոսով աշխատում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալը: Նրա խոսքերով՝ ներկա պահին ապրանքը ինքնարժեքից բարձր են վաճառում եւ գյուղացիները կարողանում են իրենց կարիքները հոգալ: Մայիսի 10–ից 15–ը կսկսվի արտահանումը դեպի Ռուսաստան: Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ հակադարձում է՝ թեեւ թուրքական վարունգ եւ լոլիկ չունենք, բայց դա չի նշանակում, որ հարցը լուծվեց. «Գյուղատնտեսության մակարդակը պետք է բարձրացնեն: Կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը տեղյակ է բոլոր խնդիրներից»,- ավելացրեց Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ գյուղացին պետք է ինֆորմացված լինի, թե ինչպես մշակի բույսերը եւ պետք է հատուկ հաղորդումներ կազմակերպվեն: Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանն էլ առաջարկեց Գյուղատնտեսության նախարարությունը փակել եւ դարձնել կոմիտե: Իսկ ինչ վերաբերում է բանջարեղենի արտահանմանը, ապա ֆերմերները հպարտանում են՝ այնպիսի լոլիկներ ունենք, որոնք գերազանցում են թուրքականին, թե տեսքով եւ վիտամիններով: