Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողները կարող են գնալ նաև մարտական գործողության»

Քաղաքականություն
18217478_10209186874331909_1543926271_n

Նուբարաշենի հրաձգարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած «Ռազմական լրագրություն» դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք անցան կրակային պատրաստության դասընթաց` հրաձգությամբ: ԶԼՄ ներկայացուցիչների մի մասն առաջին անգամ էր կրակում եւ նշանակետ գտնելը, առավելեւս՝ դիպուկ կրակելը, երբեմն դժվար էր լինում, թեեւ հետո արդյունքը բավականին խոստումնալից էր լինում: Մինչ կրակելը, լրագրողներն ու օպերատորներն անցան տեսական պարապմունք՝ ծանոթանալով զենքին՝ քանդել-հավաքելով այն: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ռազմական լրագրության այս դասընթացները սկսվել են դեռ երկու-երեք տարի առաջ, այս տարի այս պարապմունքով տրվեց մեկնարկը. «Անցած տարի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարականով նոր մակարդակի, նոր խորության վրա են դրվել այս պարապմունքները: Մենք արդեն կես կատակ-կես լուրջ մասնակիցներին անվանում ենք լրագրողական վաշտ: Որոշել ենք պարապմունքները դարձնել երկու-երեք շաբաթյա տեսական խորացված տարբերակով: Դաշտային կրակային պարամունքը կլինի դրա ատրիբուտներից մեկը: Իհարկե, լրագրողի համար սա գլխավոր բաղադրիչը չէ. տեսական հարցերի վրա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք տեսական, դաշտային լրագրությանը, թե մարտական իրավիճակում ինչպես աշխատել եւ այլն»: Ըստ նրա՝ որպես լրգարող եւ հատկապես՝ որպես պահեստազորի անդամ, ԶԼՄ ներկայացուցիչը պարտավոր է նաեւ իր կրակային ունակությունները բարձրացնել. «Այսօր նաեւ ԵՊՀ ուսանողական ու դասախոսական կազմն է իր համապատասխան պարապմունքներն անցկացնում: Սա մեր հայտարարած՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի ընդհանուր ենթատեքստում է: Բուհերն ու տարբեր ՀԿ-ներ են շարունակում այս պարապմունքով անցնել, պահեստազորի ամենաակտիվ մասսան, երիտասարդության կողմից եւս շատ մեծ հետաքրքրություն կա: Լրագրողը առաջին հերթին ՀՀ քաղաքացի է՝ պահեստազորի համապատասխան պարտավորություններով: Հարց է՝ վաղը ինքը լրագրող կլինի՞, թե՞ որպես պահեստազորի անդամ կգնա մարտական գործողության»: 18191695_10209186873851897_844557111_n 18191327_10209186874451912_1987106921_n 18253808_10209186874131904_397215698_n