Միջնորդություն՝ ՍԴ հրավիրել հանձնաժողովի նախագահին
Սահմանադրական դատարանում այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությանը ՍԴ անդամ, դիմումի զեկուցող նշանակված Արեւիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց` հարցուպատասխանի ժամկետը սահմանափակել ու ժամկետավորել։ Իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան-դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյան հարցուպատասխանը սկսեց ձգձգվել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցրեց Տիգրան Եգորյանին, թե որքան ժամանակ է նրանց հարկավոր` հարցուպատասխանն ավարտելու համար: «Մեզ մեկ ժամ էլ պետք է»,- դաշինքի մյուս լիազոր ներկայացուցիչների հետ քննարկումից հետո հայտարարեց Տիգրան Եգորյանը` նախապես հայտարարելով, որ պատասխանող կողմին եւս պետք է սահմանափակել` իր պատասխանների ժամանակ։ Ի դեպ, Տիգրան Մուկուչյանի պատասխանները չափազանց կարճ ու խուսանավող էին։ «Մեկ ժամը վերաբերում էր միայն հարցերի՞ն, թե՞ պատասխաններն էլ հետը»,-կատակեց ՍԴ մեկ այլ անդամ Կիմ Բալայանը։ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ դեպքում իրենք կքննեն միջնորդությունն ու որոշում կկայացնեն, քանի որ իրենք եւս հարցեր ունեն կողմերին։ Այնուհետեւ, Տիգրան Մուկուչյանը սկսեց պատասխանել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հարցերին։ Հարցուպատասխանի ավարտին Լեւոն Զուրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ հրավիրել 10/03 ԸԸՀ նախագահ Շահեն Պետրոսյանին` պարզաբանումների համար։ Ի դեպ, ընդմիջում գնալուց առաջ Տիգրան Մուկուչյանը մոտեցավ Լեւոն Զուրաբյանին ու սկսեցին քննարկել նիստի ժամանակ տեղի ունեցած իրենց վիճաբանությունը։ Ընդմիջումից հետո Լեւոն Զուրաբյանի հարցերին կպատասխանեն պատասխանող կողմի մյուս ներկայացուցիչները ՀՀ ոստիկանությունից եւ գլխավոր դատախազությունից։