Համբույր, երաժշտություն... Զարուհի Փոստանջյանին անակնկալ էր սպասվում (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փստանջյանին քաղաքացիները ջերմությամբ են դիմավորում։ «Սա 21-րդ դարի Սոսե Մայրիկն ա՝ հզոր Աղբյուր Սերոբի կինը»,- Ազատության հրապարակում բացականչում և նրան համբուրում է քաղաքացիներից մեկը։ Երևանի ավագանու ընտրություններին գնացող քաղաքական ուժը քարոզարշավի հերթական օրը Ազատության հրապարակից սկսեց։ Զարուհի Փոստանջյանը տրամադրված է վճռական՝ դառնալու Երևանի քաղաքապետ։ «Երևանի բյուջեն, քաղաքական համակարգը և նաև ղեկավարումը այսօր տեղի չի ունենում օրենքի գերակայության օրենքի շրջանակներում»,- ասում է նա։ Երևանի փողոցներում քաղաքապետի միակ կին թեկնածուին անակնկալ էր սպասվում։ Նրա պատվին «Երևանի սիրուն աղջիկ» կատարումն է հնչում։ Երգը Զարուհի Փոստանջյանին տարավ ուղիղ 20 տարի առաջ, երբ ինքն էլ երևանցի աղջնակներից էր։ Խոստացավ՝ եթե երևանցիներն իրեն վստահեն ու ինքը դառնա քաղաքապետ, Երևանում երգն է գերիշխելու։ «Երաժշտությունը պետք է լինի մեր տրամադրության ներքո։ Երաժշտություն միայն լսելով չպետք է լինի, ծառերը ծաղկեն դա նույնպես երաժշտություն է, պետք է կանաչ տարածքները նորից լցվեն քաղաքով՝ դա նույնպես երաժշտություն է»։ Զարուհի Փոստանջյանի կողմնակիցներից մեկին զայրացրեց Երևանի շենքերից մեկի տեսքը, երբ խաթարվում է մայրաքաղաքի պատմական տեսքը։ Ավագանու թեկնածու Գոհար Արշակյանն ասում է.«Ճարտարապետական շունչը չի պահպանվում, իսկ Երևանն ունեցել է իր բնութագիրը՝ վարդագույն քաղաք, արևի քաղաք, իսկ հիմա չգիտեմ՝ ապակու քաղաք կասեն, ինչ կասեն»։ Երևանի կենտրոնում գտնվող խանութներից մեկի աշխատակիցն էլ առիթն օգտագործեց՝ Զարուհի Փոստանջյանին ներկայացնել առևտրի վիճակը։ Հաճախորդների թիվը անընդհատ նվազում է, իսկ բարձր հարկեր վճարելը գնալով դառնում է դժվարին գործ։ «Դժվարացել ա կյանքը, մենք էլ հազիվ ձգում ենք, հարկերը խեղդում են, պետք է այդ հարցը բարձրացնել»,- ասաց նա՝ անելիքների մասին հարց ուղղելով Զարուհի Փոստանջյանին. «Դուք օրինակ ինչը կփոխեք...»։ «Երկիր Ծիրանիի» առաջնորդը խոստացավ. «Փոքր ու միջին բիզնեսը պետք է ունենա հնարավորություն զարգանալու։ Այսօր այդ հնարավորությունները չկան։ Մենք ամեն ինչ անելու ենք վիճակը փոխելու համար»։ Իսկ վերջում, ինչպես նախորդ դեպքում, Զարուհի Փոստանջյանն անտարբեր չի անցնում իր համար երաժշտություն մատուցող երաժշտի կողքով՝ նրան գումար առաջարկելով։