Հուլիսի 29-ի երթը չի ունեցել խաղաղ նպատակ. Արման Թաթոյան (տեսանյութ)
Ապրիլի 2-ին ՄԻՊ գրասենյակն ստացել է ընտրակաշառքների, ընտրողներին ուղղորդելու դեպքերի մասին 50 ահազանգ, ավելի քիչ, քան Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ «Ուսումնասիրվել է 1000 դեպք, որից 100-ն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին։ Խնդիրն այն է, որ պնդումները շատ ընդհանուր էին»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իրավապաշտպանները համոզված են՝ 30 տնօրենների կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայց ներկայացնելը խոսքի ազատության սահմանափակման դրսևորում է։ Արման Թաթոյանի պատասխանը միանշանակ չէ. «Այստեղ որոշակի խնդիրներ կան, որովհետև այդքան հայց ներկայացնել նույն գումարի չափով կարող է ընկալման չափով տեսանկյունից խնդիրներ ներկայացնել։ Ես այստեղ աջակցում եմ քաղհասարակությանը»։ Անցած տարի ՄԻՊ գրասենյակը քաղաքացիներից ստացել է 5113 դիմում-բողոք։ Դրական լուծում է ստացել հարցերի 8 տոկոսը միայն։ Օմբուդսմենի գրասենյակի համար լարված են անցել հատկապես հուլիսյան օրերը։ Տարեկան ասուլիսում խոսելով հուլիսի 29-ին Սասնա ծռերի համակիրների երթի մասին, Արման Թաթոյանը պնդում է՝ այն չի ունեցել խաղաղ նպատակ։ «Սարի թաղով գնալը այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանալու զինված խմբին, ես կարծում եմ՝ դա չէր կարող ունենալ խաղաղ նպատակ»։ Բայց և ընդունում է՝ այդ օրը խախտումներով են գործել ոստիկանները. «Քաղաքացիներին վնասներ պատճառվեցին, հատուկ միջոցների գործադրման արդյունքում երեխաներ վնաս կրեցին»։ Սասնա ծռերի, նրանց կալանավորված համակիրների քրեական գործերը ևս մեկ անգամ ցույց տվեցին դատախազության թույլ տեղերը։ Օմբուդսմենն արձանագրում է՝ այդ կառույցը բարեփոխման կարիք ունի։ «Հայաստանում արդյունավետ չէ նաև դատախազական հսկողությունը։ Այդ օրերին արդյունավետ չէր, և շարունակում է ոչ արդյունավետ լինել»։ Թույլատրելի գծից բարձր է Հայաստանում կալանավորումների դեպքերի թիվը։ Մարդը կալանավորվում է 90%-ից ավելի դեպքերում։ «Կալանքը բացառիկ դեպքերում, այն էլ՝ որպես վերջին միջոց կայուն պրակտիկա մենք չունենք։ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը այն սկզբունքով է կառուցված, որ դրդում է, որ դատավորը սկզբում փորձի հասկանալ՝ կալանքը կիրառի թե չէ, հետո անդրադառնալ մյուս խափանման միջոցներին։ Իրականում պետք է լինի հակառակը»։ Անկախ չէ քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկումը։ Բավարար չէ նաև այս ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Արման Թաթոյանն արձանագրում է. «Պետք է հասնել նրան, որ ազատությունից զրկված անձը բժշկին ընկալի ոչ թե որպես ՔԿՀ ծառայողի, այլ որպես բժիշկ»։ Արման Թաթոյանը հերքեց Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների հարազատների պնդումները, որ Պաշտպանի գրասենյակը շաբաթ-կիրակի օրերին չի զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Եթե ինքը որևէ նման դեպք բացահայտի, ծուլացած աշխատակցին անմիջապես կհեռացվի։