Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժպիտով վերաբերվեք ներդրումների մասին խոստումներին. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
tntesaget

Սովորաբար տնտեսվարողները նախընտրական շրջանում գերադասում են սպասել ընտրությունների ավարտին. դրանով պայմանավորված նախընտրական շրջանում տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքերով, թեեւ դեռ վիճակագրական ծառայությունը դեռեւս չի հրապարակել մարտ ամսվա տվյալները,  սակայն արդեն պարզ է, որ հունվար –փետրվար ամիսների նկատված 6.2 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը չի շարունակվել մարտին։ Նա նշեց, որ առհասարակ, բիզնեսը սկսում է կրկին ակտիվանալ ընտրություններից 10-15 օր անց, սակայն Հայաստանում թերեւս տնտեսվարողները կսպասեն նոր կառավարության ձեւավորմանը։ Տնտեսագետը հորդորեց ժպիտով վերաբերվել նախընտրական շրջանում հնչած տարատեսակ խոստումներին՝ 15-17 մլրդ դոլարի ներդրումների ներգրավմանը, կենսաթոշակների բարձրացմանը եւ ՓՄՁ բիզնեսին հարկերից ազատելուն։ «Չի կարելի հարկատուին սովորեցնել, որ նա կարող է եկամուտ ստանալ եւ պետությանը հարկ չտալ։ Այլ բան է, որ կարելի է  այդ բեռը թեթեւացնել, բայց ամեն անհատ իր եկամուտների շրջանակներում պետք է մասնակցի հանրային կյանքի ֆինանսավորմանը՝ շատ ունեցողը՝ շատ, քիչ ունեցողը՝ քիչ։ Սակայն չի կարելի, որ քիչ ունեցողը ընդհանրապես չմասնակցի։ Այստեղ եւս մեկ վտանգ կա, երբ մարդուն ազատում ես հարկերից՝ հետո երբ նա կմեծանա՝ նրան շատ ավելի դժվար կլինի հարկային դաշտ բերելը»։ Կ. Խաչատրյանն անդրադարձավ նաեւ անցած երկու ամիսների արձանագրված հարկային եկամուտների ավելացմանը եւ ընդգծեց, որ տարվա առաջին 2 ամիսների տնտեսական ակտիվությունը չէր կարող հարկային հավելյալ մուտքեր ապահովել։ «Եկամուտների ավելացումը առավելապես հարկային վարչարարության, հարկահավաքման կոշտ գործիքների կիրառմամբ պետք է որ պայմանավորվեր, այլ կերպ ասած՝ ստվերի դեմ պայքարով։ Պետք է նշել, որ պետությունը գնում է առավել մեծ թիրախավորումների եւ պետեկամուտների կոմիտեի վրա ավելի մեծ պարտավորություն է դնում եկամուտների ավելացման առումով»։