Ընտրել չեմպիոն-ծրագրերը. 97 համայնք երթուղի չունի
Տեղական ինքնակառավարման ինստիտուտներ չունենք եւ այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով «Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի» գործունեության մասին: Վարչապետը հիշեցրեց, որ վերլուծական կենտրոնի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն ու հանձնարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը եւ կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում: «Խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք չեմպիոն ծրագրերի մասին, խորհրդակցությանը պետք է ներկա լինեն նաեւ մարզպետները, խորհրդակցության ժամանակ հայտարարելու ենք, թե 200 համայնքապետներին ինչ պրինցիպով ենք ընտրում համապատասխան դասընթացները գերմանական կառավարության հետ, նաեւ հայտարարելու ենք, թե երբ է սկսվում մարզպետների դասընթացներն Ամերիկյան համալսարանում»: Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը կրկին առնչվում էր մարզերի հետ: Նախ վարչապետն արձանագրեց, որ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Ապա նա հավելեց, որ անհրաժեշտ է հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Վարչապետը հանձնարարեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 3-շաբաթյա ժամկետում ամփոփել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության եւ մարզերի համար նախատեսված ուղեւորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը: 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել Հայաստանում միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ՀՀ պետական բյուջեից եւ վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական եւ վերականգնողական աշխատանքները: 1-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման եւ հնարավոր աղբյուրների վերաբերյալ: