A
A
ՀԷՑ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերը՝ «Տաշիր Կապիտալ»-ին
Կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն համաձայնությամբ տալիս է պատշաճ կերպով հաստատված իր համաձայնությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցվելու գործարքի վերաբերյալ` հետևյալ պայմաններով՝
- Սույն համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ», «Տաշիր Կապիտալ» և «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների միջև` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի 2002թ-ի օգոստոսի 26-ի պայմանագրով, ինչպես նաև` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի լրացուցիչ Համաձայնագրով իրավահաջորդության և պարտավորությունների կատարման ապահովման մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կնքումից և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ», «Տաշիր Կապիտալ» և «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների կողմից սույն համաձայնության պայմանների գրավոր ընդունումից հետո:
- Սույն համաձայնությունը վավերական է այնքան ժամանակ, քանի դեռ վավերական և ուժի մեջ է Համաձայնագիրը: Համաձայնագիրը որևէ պատճառով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված և անվավեր՝ բոլոր նպատակների համար, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» և «Կասկադ-Էներգացանց» ընկերությունները պատասխանատու են մնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» և «Կասկադ Էներգացանց» ընկերությունների միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ի լրացուցիչ Համաձայնագրով նախատեսված բաժնետիրոջ բոլոր պարտավորություններով:
- Սույն համաձայնությունը կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ: Սույն համաձայնությունից, ինչպես նաև համաձայնագրից ծագած բոլոր վեճերի նկատմամբ կիրառվելու է 2002 թվականի օգոստոսի 26-ին «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի, պայմանագրի 10.12-րդ կետով նախատեսված վեճերի լուծման վերաբերյալ դրույթը: