«Պադյեզդներում բացում են մեշոկն ու աջ ու ձախ բաժանում» (տեսանյութ)
Այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ նախորդների համեմատ ընտրատեղամասերում որևէ լուրջ միջադեպ չի եղել. «ավելին՝ հետաքրքիր մշակույթ ձևավորվեց, որ պարտված ուժերը ընդունեցին պարտությունը», ֊ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Մարդիկ փողը վերցրել են և գնացել ընտրել՝ ում ուզում են. «Հետևապես՝ հետընտրական պրոցեսներ չկան, ի տարբերություն նախկինի»։ Սակայն սա չի նշանակում, թե հետագայում որևէ գործընթաց չի լինի։ Քաղաքացիների մի մասն էլ, ըստ նրա, դեմ գնալով իր խղճին, քվեարկել է ՀՀԿ֊ի համար. «Դա ես լսել եմ տաքսու վարորդից, ով չի ընդունում Հանրապետականին, բայց որպեսզի վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, ձայնը իշխանությանը տվեց», ֊ասում է Կարեն Քոչարյանը։ Նա խոսեց նաև ռեյտինգային ընտրակարգի մասին։ Այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ. «Ինձ համար զարմանալի է, որ Շիրակի մարզում անցել են Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը, բայց դրան զուգահեռ նույն ՀՀԿ֊ից պատգամավոր կլինեն Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը, ում որպես պատգամավոր չեմ տեսնում»։ Կարեն Քոչարյանը բարձր է գնահատում Հայաստանի ԶԼՄ֊ների աշխատանքը. «Ամերիկայից պետք է գան սովորեն մեր լրատվամիջոցներից։ Ամերիկյան ընտրություններում միայն դուք տեսնեիք, թե հայտնի հեռուստաընկերությունները ինչպիսի սև փիառով էին զբաղված։ Մեզ մոտ դա չերևաց», ֊ասում է Կարեն Քոչարյանը։ Նրա գնահատմամբ՝ ռեսուրսները՝ փողը ընտրողների վրա ազդելու միջոց կիրառվում է նաև արևմտյան երկրներում, բայց մեզ մոտ այդ պրոցեսը փոքր-ինչ այլ տեսք ունի. «Մեզ մոտ դա արվում է կացնային մեթոդներով, երբ պադյեզդներում բացում են մեշոկն ու աջ ու ձախ բաժանում»։ Կարեն Քոչարյանը համարում է, որ Լևոն Տեր֊Պետրոսյանի երկու ելույթները հեռուստաընկերություններով էականորեն ազդեցին ՀԱԿ֊ի ձայների վրա։