Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադրամից հատուցում է ստացել զոհված 2 զինծառայողի ընտանիք (տեսանյութ)

Քաղաքականություն
KB-1000dramner

Զինվորների ապահովագրության հիմնադրամում  հավաքագրվել է 905 մլն դրամ: Գումարը կուտակվել է հունվարի 28-ից սկսած ՀՀ քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձված 1000 դրամների պարտադիր վճարից: Արդեն 20 մլն 400 հազար դրամ հատուցում է ստացել այս տարի զոհված երկու զինծառայողի ընտանիք. «Գոռ Գարեգինյանի եւ Անդրանիկ Մուսիկյանի ծնողներին այդ հատուցը կատարվել է: Հատուցումը հետեւյալ կերպ է՝ նրանց ամբողջ հատուցման գումարը կազմում է 58 մլն դրամ՝ յուրաքանչյուրին: 10 մլն-ն միանգամից է տրվում, եթե նրանք զոհվել են, եւ դրանից հետո յուրաքանչյուր ամիս 200 հազար դրամ ծնողներին կփոխանցվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԲ իրավաբանական վարչության պետ, Զինծառայողների ապահովագրական հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ ամեն ամիս նույն օրը այս ընտանիքները 3 բանկի միջոցով կստանան 200 հազարական դրամ. «Բանկերն առաջարկում են յուրահատուկ պայմաններ՝ ամբողջ ծառայություններն անվճար են, որեւէ գումար այդ ծառայությունների դիմաց չի գանձվում ընտանիքից: Ամբողջ 20 տարի այդպես է լինելու: Եթե դրական մնացորդ ունենան իրենց հաշվի վրա, ապա ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով նաեւ տոկոս կվճարվի: Այս պահին այն 6 տոկոս է կազմում, եթե հաշվի վրա դրական մնացորդ մնա»: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի ընդունումից հետո ստեղծվեց 1000plus.am կայքը, որտեղ հնարավոր է տեսնել փոխանցումները, նվիրաբերումները, հատուցումները: Հիմնադրամը 5 տարի ժամկետով կառավարելու է ԿԲ-ն, որի աշխատակիցները հասարակական հիմունքներով են աշխատում: Ինչ վերաբերում է մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողների հատուցմանը, ապա նախ կանցկացվի քննություն՝ պարզելու՝ վիրավորումը հակառակորդի գնդակից է եղել, թե, ասենք, միջանձնային հարաբերությունների արդյունքում. «Հասարակությունը, որ վճարում է այդ գումարները, նաեւ ունի ակնկալիք, որ իրապես այդ գումարները հասնում են այն մարդուն, որը իրապես հակառակորդի գործողությունների հետեւանքով է վիրավոր դարձել կամ զոհվել, այլ ոչ թե զորանոցում, դիրքում կամ ոչ հակառակորդի գործողություններից»: Բացի 1000 դրամների պարտադիր վճարից, լինում են նաեւ նվիրաբերումներ՝ հիմնականում ՀՀ-ից: Շուտով կլինի նաեւ նվիրաբերության տարբերակ՝ 1028 համարին ուղարկելով sms հաղորդագրություն, ինչպես նաեւ՝ տերմինալների, էլեկտրոնային քսակների միջոցով. «Վերջինը եղել է անանուն մի նվիրաբերություն՝ 1000 դրամ, իսկ ամենախոշորը եղել է 1 մլն դրամ: Նվիրաբերությունները ակտիվանում են, երբ սրվում է իրավիճակը, հիմա պասիվ է»: Պարոն Ավետիքյանը նկատում է՝ հունվարի մեկից այս կողմ մամուլից տեղեկացել են, որ եղել են նաեւ այլ զոհեր ու վիրավորներ: Այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են: