1200 ընտանիք օդից կախված է. ում են հասնում բնակարանները
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն այսօր ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը եւ 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝ նվիրաբերության կարգով կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին: Հարցի առնչությամբ առարկություն ներկայացրեց Տարածքային կառավարման նախարարը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ ստուգել են եւ պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների: Վարչապետը զարմացավ. «Ո՞նց թե 18 տարին չլրացած». Աշոտ Մարկոսյանը պարզաբանեց, թե բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարին չլրացած քաղացիներին, այլ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ: Հարցին միջամտեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա, եւ կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է: 1200 ընտանիք օդից կախված է»,- ասաց Սարգսյանը եւ հավելեց, որ խնդրի լուծման առնչությամբ պատրաստվում են նախագիծ ներկայացնել: Վարչապետը վերջում հայտարարեց, որ պետք է տարածքները լեգալիզացնել եւ նոր էջ բացել. «Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրեք էդ դաշտը, մաքրեք էդ ամեն ինչը, պրծնենք գնա»։