Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կասկածում եմ, որ Շարմազանովը Աշոտյանին ձայն կտա կամ հակառակը»

Քաղաքականություն
nikol-pashinyan

  Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ասաց, որ շատ բարձր նոտայով է անցել, մարդիկ շատ դրական են տրամադրված եղել։ Նա անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե ըստ Ելքի ծրագրի` ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի լուծվելու.«Նրա խոսքերից էլ կարելի է ենթադրել, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, երբեք չի լինելու մեզ համար ընդունելի լուծում»։  Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի խնդրին պատմաբանի տեսանկյունից է նայում, թե տարիներ անց ինչ կասեն այս ժամանակահատվածի մասին. «Ես ցավում եմ, որ 1997թ. մինչ օրս նրա դիրքորոշումը չի փոխվել, թեեւ աշխարհը փոխվում է, իրավիճակ է փոխվում։ 2008թ. համաժողովրդական շարժման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշմամբ երբեք հանդես չի եկել։ ՀԱԿ դաշինքի 18 ուժից 2-ն է կիսում նրա` այդ տեսակետը: Ըստ էության, միշտ եմ այդ մասին ասել, Արցախի հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ը ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ է»: Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամների այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր իր կայքից հեռացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին իր դրական հրապարակումները, նա նշեց. «nikol.com կայքի վրա պրովայդերից նամակ են ստացել, որ հարձակում է եղել, ժամանակավորապես այն փակվել է։ Ընտրություններով ենք այժմ զբաղված եղել, դրա համար չենք կարողացել այդ հարցով զբաղվել։ Երբ վերականգնվի կայքը, այնտեղ տեղադրված հրապարակումները եւս կվերականգնվեն»։  Ընտրություններից հետո` ԱԺ-ում ո՞ւմ հետ կհամագործակցի Ելքը. հարցին պարոն Փաշինյանը պատասխանեց. «Կոնկրետ ուժերի անուն չենք տալու, քանի որ ԱԺ անցնող բոլոր ուժերը համագործակցելու են ՀՀԿ-ի հետ։ Ըստ մեր հարցումների` ԱԺ են անցնելու երեք ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, Ելք։ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ։ Այսօր ՀՀԿ-ն հետեւյալ կերպ է քարոզարշավն անում` մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկելու, ձայն տվեք, կամ էն Աբուլիկը, Ծըգլիկը. նրանց ռեյտինգն ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը։ Կասկածում եմ, որ Շարմազանովը Աշոտյանին ձայն կտա կամ հակառակը»:  Այն դիտարկմանը, որ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել էր` եթե Ելքը քննադատում է ՀԱԿ-ին Արցախի հարցում, ապա իրենք դրա համար շատ փոքր են, եւ դրա համար գոնե պետք է սեփական կարծիքը ունենալ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Արման Մուսինյանը թող նախ իրեն նայի հետո` ինձ, ու կտեսնենք, թե ով է փոքրը»։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական գործին, ապա նա նշեց. «Եթե նա առնչություն չուներ իգլայի հետ, ապա քաղաքական հետապնդում է, եթե ուներ, ապա` պետք է հանգամանքները պարզել»: