Սևանա լճի սառցակալման պատճառով այնտեղ բնադրվող թռչունների վիճակի մասին
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի մակերևույթի սառցակալման առաջին իսկ օրերից սահմանել է խիստ հսկողություն թռչունների պահպանության համար: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ մասնավորապես Սևանի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են ամենօրյա ստուգայցեր և շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաև թռչունների վիճակի գնահատման համար, իսկ ՀՀ ոստիկանության Մարտունու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ հերթապահություն է իրականացվում Արփա գետի գետաբերանում, որտեղ մի փոքր հատված ազատ է սառույցից և տեղի են ունենում թռչունների կուտակումներ: Հսկողություն է սահմանված նաև «Նորաշենի» արգելոցում արծաթափայլ որորի պահպանման համար, քանի որ լճի սառցակալման հետևանքով չի բացառվում, որ մարդիկ մոտենան ճայերի կղզյակներին:
[caption id="attachment_1526643" align="alignnone" width="1201"]
Beautiful Lake Sevan under the ice in Gegharkunik Province, Armenia[/caption]
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի կողմից նաև ինտնեսիվ դիտարկումներ են իրականացվում սև փարփարի, կռնչան բադի, կարմրագլուխ սուզաբադի և մեծ սուզաբադի պոպուլյացիների նկատմամբ:
Կապված եղանակային պայմանների հետ, Սևանա լճի հարակից շատ դաշտեր զուրկ են ձնածածկույթից և սև փարփարի պոպուլյացիան ինտենսիվ սննդառվում է հենց այդ տարածնքերում: Իսկ այն թռչունները, որոնք սնվում են ջրային կենդանիներով և այլ անողնաշարավորներով, հիմնականում տեղափոխվել են Սևանա լճին հարակից ձկնաբուծարանների և գյուղացիների մասնավոր տարածքները , որտեղ կան լճակներ:
[caption id="attachment_1526640" align="alignnone" width="700"]
Beautiful Lake Sevan under the ice in Gegharkunik Province, Armenia[/caption]
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմը հրահանգավորված է, իսկ ազգաբնակչությունը և մասնավոր կազմակերպությունները իրազեկված են թռչուններին չվնասելու և թռչուններ նկատելու դեպքում անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տեղեկացնելու մասին: Իրազեկման աշխատանքները շարունակվում են և այդ աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության մարզային աշխատակիցները:
Մամուլի հրապարակումներում հայտնված սառույցը կոտրելու առաջարկի վերաբերյալ հարկ է նշել որ Սևանա լճի սառույցը կոտրելու աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել, քանի որ համապատասխան տեխնիկական միջոցներ չկան, իսկ մարդկային ռեսուրսների միջոցով դրա իրականացումն իր մեջ կրում է բազմաթիվ վտանգներ:
Թռչունների արհեստական կերակրման առաջարկի հետ կապված հարկ է նշել, որ մշտական դիտարկումները շարունակվում են և որևէ խնդիր առաջանալու դեպքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կփորձի իրականացնել արհեստական կերակրում, որը, սակայն, նախընտրելի չէ, և պետք է իրականացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, քանի որ մադկանց կողմից թռչունների արհեստական կերակրումը կարող է նրանց մոտ առաջացնել պայմանական ռեֆլեքս՝ մարդկանցից չվախենալու և մարդկանց վստահելու հետ կապված, որն էլ կարող է թռչուններին դարձնել որսագողության և այլ վտանգների թիրախ:
Ըստ կանխատեսումների սառցակալումը կշարունակվի մինչև մարտի վերջ և կերային բազայի հետ կապված խնդիրներ առաջանալու պարագայում ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կձեռնարկի միջոցներ և կիրականացնի համապատասխան միջոցառումներ:
Վերոնշյալ միջոցառումներին զուգահեռ, ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել է խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների դիմումներին և վերջիններիս հրավիրել գերատեսչություն` քննարկումներ կազմակերպելու և իրավիճակի մասին իրազեկելու նպատակով: Որսագողության վերաբերյալ հրապարակումների հիմքով, բացվել են Թեժ գծեր և ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունն իրականացնում է համապատասխան միջոցառումներ: