A
A
«Սասնա ծռեր» խմբի անդամի պաշտպանին չեն թողել տեսակցել նրան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին այսօր կրկին թույլ չեն տվել մտնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Նույն խնդիրն է, փորձում են խուզարկել, ամեն ինչ անում են, որ ներս չմտնեմ: Ասում էին պիտի գրպաններս ստուգեն ու ոչ մետաղորսիչով»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Պաշտպանն արդեն մեկ ամիս է՝ խուզարկության պատճառով չի կարողանում մտնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ տեսակցել իր պաշտպանյալին: Փաստաբան Մոնիկա Մարգարյանի խոսքերով՝ թեեւ միայն իր գրպաններն են ցանկացել խուզարկել, սակայն փաստաբաններից Արայիկ Պապիկյանը ի նշան բողոքի ներս չի մտել եւ միասին լքել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ի շենքը: