2016-ի զոհերի 75 տոկոսը ճանապարհային պատահարներից է (տեսանյութ)
2016-ին արտակարգ պատահարները Հայաստանում նվազել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով արտակարգ իրավիճակների նախարարության տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը : «2016 թվականին գրանցվել է 12 992 արտակարգ դեպք - պատահար, որի արդյունքում զոհվել է 354 մարդ, տուժել՝ 9232-ը: Զոհերի գերակշիռ մեծամասնությունը, ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է ՃՏՊ-ների արդյունքում, ինչը կազմում է ընդհանուր պատահարների 75 տոկոսը»: Պարոն Խանգելդյանը նշեց, որ թվերի նվազում կա հատկապես ՃՏՊ-ների և հրդեհների դեպքում. «Հրդեհները նվազել են 2000-ով, իսկ ավտոճանապարհային պատահարները՝ 88-ով»,-ասաց նա: Գնդապետի խոսքով՝ անցած տարի ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է 228 մարդու կյանք փրկել, ինչը 16-ով ավել է 2015 թվականի ցուցանիշից: Խոսելով ԱԻՆ առաջիկա ծրագրերի մասին, Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ նախարարությունն անցնում է թվայնացման, ինչն էականորեն կարագացնի ահազանգերին արձագանքման գործընթացը: