Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատունը սովորեցնում է ճիշտ հագնվել

Հասարակություն
40e8105ab08fb8400d5c7ef37335544d

ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո «Հավանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձևության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ համատեղ: Դրես-կոդին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի տասնյակ մասնակից մենթիներ, բացման խոսքով հանդես եկավ տ-ն Լի Քարթերը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը: Այս միջոցառման հիմնական նպատակն էր մենթորական ծրագրի մասնակից երիտասարդ ուսանողուհիներին հաղորդակից դարձնել դրես-կոդի հիմնական կանոններին, օգնել ոճերի (casual, business/smart casual, cocktail) տարբերակման հարցում, որպեսզի ապագա մասնագետները գրագետ մոտենան հագուստի ընտրության հարցում թե´ հարցազրույցի գնալիս, թե´ աշխատավայրում և  թե՛ զանազան այլ միջոցառումների ժամանակ: Միջոցառման ընթացքում մոդելները ներկայացան դրես կոդի տարբեր ոճերով, ինչպես նաև հայ դիզայներներ Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Լիաննա Սարգսյանի և Լիլիթ Մելիքյանի կոկտեյլային զգեստներով: Միջոցառումը կազմակերպվել էր մենթորական ծրագրի այս տարվա մասնակից մենթորներ  Գոհար Բաղդասարյանի (Հավանա ռեստորանային համալիրի տնօրեն),  Կարինա Դնոյանի («Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, հագուստի դիզայներ, ոճաբան), Հրանուշ Ռեստակյանի («Լեվրիմ և Վանիլա Քեյք» հրուշակագործական արտադրության տնօրեն) աջակցությամբ:  Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպանի կինը՝ Ներմինե Մանսուրը և «Ատեքս» նորաձևության կենտրոնի փոխտնօրեն, իմիջմեյկեր Օլգա Լավրիենկոն: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը կանանց մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010թ.-ին: Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը և օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիներին: Այս տարի  61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ուղղորդում են 62 մենթիների, ովքեր տարբեր բուհերի ուսանողուհիներ են, ինչպես նաև  «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի և «Մեր տուն» կազմակերպության սաներ: ԱՄՆ դեսպանատուն