«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահանջում են ՄԻՊ ներկայացուցչին` կանխելու ծեծը
Ինչու պետք է դատապարտյալը մկրատը փորը մտցներ կամ կտրեր երակները, եթե նրան տեղափոխում են ավելի բարեկարգ խուց: Հարց են բարձրացնում երկու օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում իրականացրած դատապարտյալների հարազատները: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք նոր մանրամասներ ներկայացրին: Նրանց խնդրանքով չենք հրապարակում անունները, քանի որ ունեն մտահոգություն, որ ՔԿՀ-ում գտնվող իրենց հարազատները բռնության կենթարկվեն: Ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ , երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր: Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները նույնիսկ իրերի մի մասն են վերեւ բարձրացրել ու… փախել: «Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր , պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցում դատապարտյալներից մեկի կինը: Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը. «Որովհետեւ զզվելի է, սանհանգույցից օգտվել ընդհանրապես չեն կարող» : Իրենց հաշվարկով` 50-60 հազար դրամը բավարար կլինի խուցը «բնակելի» դարձնելու համար: Ընդ որում` դատապարտյալներին զարմացրել է հանգամանքը, որ իրենց խցի պատուհանը նույնքան փոքր է, որքան ցմահ դատապարտվածներինը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից: Եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ դատապարտյալները դիմել են ինքնավնասման: Ըստ հարազատների` երեքի վերքերն այնքան լուրջ են, որ նրանց արդեն մի քանի անգամ տարել են քաղաքացիական հիվանդանոց : «Ամուսինս երակներն էր կտրել»,- տեսակցությունից հետո պատմեց կինը , որը վաղը պատրաստվում է գնալ Արդարադատության նախարարի մոտ: Հարազատները մտավախություն ունեն, որ վաղը դատապարտյալների նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին ուժ կգործադրվի, քանի որ կրկին նրանց փորձելու են տեղափոխել , իսկ վերջիններս որոշել են` կտեղափոխվեն միայն այն դեպքում, երբ նոր խուցը նորոգվի : Իսկ եթե գործի դրվեն մահակները, դատապարտյալները կրկին ինքնավնասման կդիմեն: ՄԻՊ մամլո ծառայությունից տեղեկացրին, որ արդեն արձանագրվել է ահազանգը, եւ առավոտյան իրենց ներկայացուցիչները կգնան «Նուբարաշեն» ՔԿՀ: