Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով դեմ է Սերժ Սարգսյանին, ես կողմ եմ նրան. Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
296c744df8bb9051ea51f022e67b2d69

ԱԺ ընտրությունների քարոզարշավին մրցակցությունը կլինի ընդդիմադիր ուժերի միջեւ, այլ ոչ թե ընդդիմադիր ու ՀՀԿ միջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ ավելացնելով. «Մեր հնարավորությունները այնքան են, որ մենք դրանից դուրս ենք մեզ տեսնում: Շատ հաճելի է, որ ստեղծել ենք նման հնարավորություն, որ բոլոր ուժերը կարողանում են մասնակցել ընտրություններին, մինչ այդ ասում էին՝ ՀՀԿ-ն է թույլ տալիս կամ՝ ոչ»: Բանավեճին մասնակից ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ պիտի հիասթափեցնի ՀՀԿ ներկայացուցչին, քանի որ ՔՊ-ն քաղաքական դաշտում այն ուժն է, որ ձեռնոց է նետել իշխանությանը. «Ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը սպասվում է ձեզ անակնկալ, քանի որ ձեր սպասելիքները չեն արդարանալու. ինչքան ուզելու, այնքան խփելու ձեր ցանկությունն այս անգամ չի իրականանալու»: «Անակնկալ կլինի, սակայն հիասթափություն չի լինի: Եթե վաթսուն տոկոս ձայն ունենանք, մեզ լրիվ բավարար է»,- արձագանքեց Սուքիաս Ավետիսյանը: Ի դեպ, վաղը ժամը տասներկուսին «Ելք» դաշինքը համաժողով կանցկացնի Կառավարության նիստերի դահլիճում: Մյուս բանախոսը՝ քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը, եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այս ընտրություններն ընդամենը ԱԺ ընտրություններ չեն, այլ նախագահական ընտրություններ են. «Ակնկալվում են տարբեր չափի, գույնի ականներ, որ հետագայում ԱԺ դահլիճում սուրփրայզ անեն: Տրոյական ձիու ընտրություններ են՝ չափից շատ են այն ուժերը, որոնք մտնելու են ԱԺ ու իրենց սեւ գործն են անելու՝ մարդկանց խմբեր, կուսակցություններ, որոնց ԱԺ կտանի ՀՀԿ-ն: Եվրոպայից արդեն հնչում է, որ պրեսկոտյան ընտրություններ չեն լինի, այսինքն՝ մարդու չեն ուղարկի, որ կաշառքով ընտրությունները դրական լույսի ներկայացվի: Այս ընտրություններին անհայտ, կենսագրություն չունեցող դեմքեր կլինեն: Դուք հիմա մի մարդու եք լսում ի դեմս ինձ, որը չի հավակնում պատգամավոր դառնալու»: Ըստ նրա՝ ընտրություններից հետո կրկին թանկացումներ, արտագաղթ կլինի, սակայն այս անգամ ողբերգական. «Մինչ օրս չկար Սասնա ծռերի օրինակը»: ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց՝ ասելով, որ ընտրությունները կլինեն թափանցիկ ու ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ. «Մենք ընդունել ենք նոր ԸՕ, եւ այն ընդունվել է լայն կոնսենսուսով. պատասխանատվությունը վերցրել են բոլոր քաղաքական ուժերը: Եթե կան ուժեր, որոնք նախապես չեն ուզում ընդունել ընտրությունների թափանցիկությունը, դա նորմալ է, քանի որ գիտեն՝ ԱԺ-ում չեն լինելու ու դրանով արդարացնում են իրենց ԱԺ-ում չգտնվելը»: ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանն իր հերթին նկատեց. «Ինձ դուր է գալիս Սուքիաս Ավետիսյանի անկեղծությունը, որ նախորդ ընտրությունները կեղծվել են, վատն են եղել»: «Ամեն մեկը կարող է յուրովի երեւակայել»,- արձագանքեց Սուքիաս Ավետիսյանը: Սուրեն Պապիկյանը շարունակեց՝ ասելով. «Մենք, իհարկե, չենք հավատում ձեզ, մենք ինքներս պաշտպանելու ենք մեր քաղաքացիների քվեն: Մեզ մրցակից տեսնում ենք բոլորին, սակայն մեր թիրախը ՀՀԿ-ն է, մենք պայքարելու ենք ՀՀԿ եւ ՀՅԴ դեմ եւ իրենց արբանյակ հանդիսացող բոլոր կուսակցությունների դեմ, գործակցելու ենք ՀՀ Շահերի, անվտանգությանը նպաստող բոլոր ուժերի հետ, որոնք տարիներ շարունակ ՀՀԿ սպասարկող ուժեր են եղել եւ անհրաժեշտության դեպքում քաղաքական աղբանոց նետվելուց հետո գեղեցիկ փաթեթավորված ներկայանում են»: Նրա խոսքերից հետո Գուրգեն Եղիազարյանը նշեց՝ այս ելույթից հետո քիչ է մնում ՀՀԿ-ին պաշտպանի. «Իսկ  վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին, ապա ես ողջունում եմ. եթե իշխանությունները մի երկու քայլ առաջ տեսնեին, ապա կհասկանային՝ Գագիկ Ծառուկյանին հեռացնելը հիմարություն էր՝ նրան ֆասով հանելը. ԱԺ-ում նա ներկայացնում էր երկրորդ ուժը: Նրա մուտքով քաղաքական դաշտի խաթարված պատկերը վերականգնվեց: Իշխանությունները հիմա մի դիմակ են տվել, անունը դրել են ընդդիմություն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ուղիղ չի հարձակվում, այլ իր խամաճիկներով, տրոյական ձիով  է հարձակվում: Ես ողջունում եմ Սեյրան Օհանյանին, քանի որ իմ դիտարկումներով, այո, նա ընդդիմություն է, եւ շուտով դուք դրանով կհամոզվեք»: Արդյոք Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմը պրոքոչարյանական ուժ չէ՞. մեր հարցին Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ով դեմ է Սերժ Սարգսյանին, ես կողմ եմ նրան: Եթե Ռոբերտ Քոչարյանն ունի նոր ասելիք, թող գա, թող կանգնեցնի հայաթափությունը: Մեզ նոր դեմքեր են հարկավոր»: Մեր մյուս դիտարկմանը, թե արդյոք այս տանդեմը իր նշած ՀՀԿ նույն տրոյական ձին չէ՞, նա նշեց. «Տրոյական ձիու փորի մեջ այդ ուղեւորները չկան»: