Թ. Յագլանդը եւս կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զոհի մարմինը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված դեկտեմբերի 29-ին ՀՀ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ. «Թեեւ Եվրոպայի խորհուրդն ուղղակի առնչություն չունի բանակցություններին և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինուժը շարունակում է պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը՝ հետևելով 2010թ. Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորված՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը»: Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին կից՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր: Ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունեցել է 7 զոհ, որոնցից մեկի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում, ինչն էլ ապացույց է, որ հարձակումն սկսել է ադրբեջանական կողմը։ Միջադեպի մասին հայտարարություն էր տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։